Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ վարորդներին ռեկետի են ենթարկում ՌԴ սահմանի վրա». Բեգլարյանը պահանջում է ոստիկանի անուն-ազգանունը

Ապրիլ 27,2016 18:20

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին ասաց, որ արդեն տեւական ժամանակ է՝ քաղաքացիներից ստանում է  բանավոր եւ գրավոր ահազանգեր, որ հայկական, ինչպես նաեւ ՌԴ-ից գնված եւ ՀՀ տեղափոխվող տրանզիտային պետհամարանիշներով ավտոմեքենաներով երթեւեկող ՀՀ քաղաքացիները ՌԴ տարածքում բառի բուն իմաստով «ռեկետի» են ենթարկվում ՌԴ ոստիկանների կողմից. «Ռեկետի չափը տատանվում է 400-1000 դոլար՝ կապված ավտոմեքենայի շքեղությունից: Մեր քաղաքացիները ստիպված են լինում մինչեւ վերջին կոպեկը տալ եւ մազապուրծ հասնել Հայաստան»:

Լյուդմիլա Սարգսյանը հարցրեց՝ մեր կառավարությունը տեղյա՞կ է այս ապօրինությունների մասին եւ ի՞նչ միջոցներ է ձեռնարկում՝ մեր քաղաքացիներին դրանից ազատելու համար:

Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Անկեղծ ասեմ, ՀՀ-ից դուրս այդ կարգի հարաբերությունների հետ կապված մենք միջամտություն չունենք»: Դրա փոխարեն նա պատմեց, թե ինչ են արել Լարսում կուտակված մեր մեքենաների խնդիրները լուծելու համար: Հետո պահանջեց՝ եթե մեզ կոնկրետ նամակով, համարով, ոստիկանների անուն-ազգանունով ներկայացնեք տվյալներ՝ անպայման մեր հանրապետության քաղաքացու կողքին կկանգնենք ու կպատժվի այն անձը, ով մեր քաղաքացու նկատմամբ իրեն ռեկետային արարքներ է թույլ տվել:

Լյուդմիլա Սարգսյանն էլ արձագանքեց, որ «ՌԴ-ում մենք նստած մարդ ունենք՝ Տիգրան Սարգսյանը». «Նա ռոտացիոն կարգով ԵԱՏՄ վարչապետն է, կարող եք նրան դիմել, թող փորձեն այդ հարցը կարգավորել»:

Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Ես կոնկրետ ուզում եմ փաստեր, այսինքն՝ Պողոսյան Վալոդին այսինչ մեքենայով այսինչ ժամին այսինչ տեղը անհանգստացրել են: Եթե ձեզ հասել է 1-1.5 տարվա ինֆորմացիա, ասեմ, որ մենք Լարսի հետ աշխատել ենք, հայկական մեքենաների համար հատուկ կանաչ գիծ եւ կանաչ լույս է վառված: Իսկ Լարսից հեռու մնացած բոլոր դեպքերից չեմ հրաժարվում, անուն-ազգանուն բերեք՝ միջամտենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930