Այսօր երեկոյան ժամը 20.00-ին, նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության գրասենյակում կհանդիպի ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ: Այդ մասին խմբակցության պատգամավորներին քիչ առաջ են տեղյակ պահել:
Aravot.am-ի հետ մասնավոր զրույցներում որոշ պատգամավորներ ասացին, որ հանդիպման նպատակի եւ քննարկվող թեմայի մասին միայն ենթադրություններ կանեն: Ըստ այդմ, նախագահը հավանաբար իշխող ուժի խմբակցության անդամներին հավաքում է երեկ կայացած «Հրազդան ցեմենտ» գործարանին հարկային վճարների, սոցիալական ապահովագրության վճարների պարտքերից ազատելու արտոնություն տալու կառավարության ներկայացրած նախագծի ընդունումը տապալելու առիթով: 53 «կողմ», 1 «դեմ» քվեարկության արդյունքով նախագիծը տապալվեց:
ՀՀԿ խմբակցությունից 17 պատգամավոր չմասնակցեցին քվեարկությանը: Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը, Աշոտ Աղաբաբյանը եւ Առաքել Մովսիսյանը բացակա էին: Նրանք սահմանի տարբեր հատվածներում են եւ այս քառօրյային եւս չմասնակցեցին: Բացակա էին նաեւ Գալուստ Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, Վարդան Այվազյանը:
Չեն քվեարկել Սամվել Ֆարմանյանը, Շուշան Պետրոսյանը, Արայիկ Գրիգորյանը, Ռոբերտ Սարգսյանը, Մուրադ Մուրադյանը, Արմեն Կարապետյանը, Հովհաննես Սոֆոյանը, Սպարտակ Մելիքյանը, Հակոբ Հակոբյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ