Վերաքննիչ քաղաքացիական դատարանում ապրիլի 27-ին շարունակվում էր քննվել Վարդան Գերավետյանի բողոքն ընդդեմ «Local Developers» ՍՊԸ-ի:
Aravot.am-ի հետ զրույցում Վարդան Գերավետյանն ասաց, որ դատական նիստի ընթացքում միջնորդություն են ներկայացրել հետաձգել դատական նիստը, քանի որ բանակցությունները անավարտ են մնացել, սակայն դատարանը հաշվի առնելով, որ արդեն երկար ժամանակ է գործը քննվում է, որոշեց մերժել միջնորդությունը:
«Մեր պահանջն էր վերադարձնել առաջին ատյանի դատարան՝ ավելի ճիշտ եւ ճշգրիտ քննարկելու համար, որովհետեւ այնտեղ անճշտություններ կային: Բացի դրանից պարոն Սիրունյանը (նկատի ունի «Local Developers» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանին Ա. Չ.) մեկ անգամ եւս պնդեց, որ ոչ մի բանակցություն չկա: Ինչին դատարանը զարմացավ եւ հարցրեց՝ «Դուք ընդհանրապես շփվո՞ւմ եք Մայրապետյանի հետ»: Պատասխանեց՝ ամեն օր շփվում է, այսօր էլ է շփվել: Ասացին՝ «թե շփվում եք՝ ինչպե՞ս է, որ բանակցություններն ընթանում են, բայց դուք տեղյակ չեք», պատասխանեց, որովհետեւ բանակցություններ չեն գնում:
Դատարանն ասում է՝ «Դուք զանգեք հիմա եւ ասեք», որովհետեւ իրենք գիտեն, որ նման բանակցություններ են ընթանում: Մի խոսքով՝ անհարմար համարեցին զանգել դատարանից: Ես, ճիշտն ասած, խոսքի իրավունք վերցրեցի եւ ասացի, որ պարոն Սիրունյանը առաջին անգամ չի, որ ստում է: Միգուցե մի քիչ տհաճ հնչեց դատարանում, դատավորներն էլ, Սիրունյանն էլ խնդրեցին չվիրավորել: Ասացի, որ ես չեմ վիրավորում, եթե իմ ասածը կլինի անհիմն, ուրեմն՝ թո՛ղ պարոն Սիրունյանը դիմի դատարանը, պատիվ պահանջի»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Վարդան Գերավետյանը նշեց, որ ապացույցներով հիմնավորել է իր արած հայտարարությունը: Գործի քննությունն ավարտվել է, որոշումը կհրապարակվի մայիսի 12-ին. «Ես չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնեն, համենայն դեպս՝ մենք շուտով կսկսենք բազմաթիվ լուրջ ակցիաներ մայրապետյանների եւ նրա նմանների թալանչիության դեմ: Նույն Հյուսիսային պողոտայում, ինչպես ժամանակին անում էինք, եւ երեւի թե վերսկսենք մեր ստորագրահավաքները»:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սիրունյանը առաջին անգամ չէ, որ պնդում է բանակցություններ չեն ընթանում, նա նաեւ նշել է, որ իրենք ուրախ կլինեին, որ բանակցություններ ընթանային: Aravot.am-ը հետաքրքրվել էր նրանից, թե հնարավո՞ր է արդյոք, որ բանակցություններն ընթանում են, սակայն, ինքն այդ մասին տեղյակ չէ, նա բացառել էր այդ տարբերակը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ