Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տղերքն են ձեզ պաշտպանում: Տանկի կրակողն ու՞մ ա պետք»․ զոհված զինծառայողի հուշերից

Ապրիլ 27,2016 17:14

Բոլորս ցեխակոլոլ էինք։ «Վահի՛կ ջան, սապոգներդ հանի՛, մաքրեմ՝ վրեդ չխոսան»,- ասաց Գևորգի մայրը: Թե՝ «Ես չաստում կմաքրեմ, Գևորգին տե՛ր կանգնեք»։

Երկուսին զորամասում ճաշի ժամ էր։ Աչքը ժամացույցից չէր կտրում․ «կարաուլի» էր։ «Մի կտոր միս» բերանը չառավ։

Հայրն ու մայրը երկար ժամանակ արտերկրում էին։ Քույրն ամուսնացել էր։ Արձակուրդի էին ուղարկում, չէր գնում․ տանը սպասող չկար։ «Տղե՛ս, էս տոպրակը հետդ կտանես»,- կրկին համոզեց կինը։ Չմերժեց։

Vahe-Zaqaryan

Զորացրվելուն 111 օր էր մնացել։ Ապրիլի 2-ի գիշերը տագնապ հայտարարեցին։ Վահե Զաքարյանի տանկը հասավ մինչև հակառակորդի դիրքերը, խոցվեց։

․․․Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի նախասրահում սեղանին խնամքով տեղավորված է զոհված զինծառայողի լուսանկարը։ «Ծառայությունից վեց ամիս հետո դպրոց եկավ, չճանաչեցի: Միշտ սիրուն սանրվածքով էր, այդ օրը մազերը կարճ էին։ Հիշում եմ՝ վերջին զանգին որոշում էինք կոստյում հագնել։ Ինձ նախատում էր, թե ժամանակները փոխվել են»,- ժպիտով վերհիշում է մաթեմատիկայի ուսուցիչ Սուսաննա Ղազարյանը։

Վահեն կարատեով էր զբաղվում, սև գոտի ուներ։ Երազում էր հայտնի մարզիկ դառնալ։ Չնայած դրան՝ կենսաքիմիական հոսքում էր սովորում։

Vahe-Zaqaryan-(4)

Մրցումների պատճառով երբեմն բացակայում էր դասերից։ Գալիս էր ու ոգևորությամբ պատմում իր հաջողությունների մասին։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արծվիկ Երեմյանի հետ պայման էին կապել, որ հերթական հաղթանակից հետո իր շնորհակալական խոսքում պիտի հիշատակի նրան։

Հաճախ էին դասարանով արշավի գնում: Ոչ ոք ճոխ ապրուստով «չէր փայլում», տրանսպորտ վարձելու հնարավորություն չունեին։ Ամեն մեկը տանից մի կապոց ուտելիք էր բերում, բարձրանում էին մոտակա լեռները։ Վահեն աղջիկների ձեռքից խլում էր ուսապարկերը, միայնակ տեղափոխում։ «Ֆիզիկապես ուժեղ լինելով հանդերձ՝ երբեք իրեն չէր ցուցադրում։ Վահեին «կրասավչիկ» էի անվանում։ Սկզբից շոյվում էր, հասունացման տարիքում՝ նեղանում, թե աղջիկներն իր վրա կծիծաղեն»,- պատմում է Արծվիկ Երեմյանը։

Համադասարանցիներից երկու տարով մեծ էր: Որոշ ժամանակ Ռուսաստանում էր ապրել, ապա վերադարձել ու կրկնել դասընթացը։ Քույրն իր խնամքի տակ էր, այդ պատճառով իրեն «հասուն տղամարդ» էր զգում: Պատմության ուսուցչուհի Նաիրա Դավթյանի խոսքով՝ Վահեն իր ուրույն աշխարհն ուներ, ոչնչի չէր խառնվում․ «իր ժամանակից առաջ էր ընկել»։ Հայոց պատմություն էր սիրում: Հայրենասիրությունը, հայրենիք վերադառնալու գաղափարը նրա մեջ մանկուց էին «նստվածք» տվել։

Vahe-Zaqaryan-(1)

Բանակում ծառայելն ամեն տղայի պարտքն էր համարում: Տանկիստ էր։ Հաճախ կատակում էր, թե հասակով մեկ միայն տանկի մեջ է տեղավորվում։ Երբ իր առօրյայից էին հարցնում, նեղսրտում էր․«Ես ոչինչ չեմ անում, տղերքն են ձեզ պաշտպանում: Տանկի կրակողն ու՞մ ա պետք»։

Բոլորից շուտ էր զորակոչվել։ Դասարանի աղջիկները խոսք էին տվել զորացրվելու կապակցությամբ տորթ թխել։ Մտավախություն ուներ, թե մինչ այդ կամուսնանան, իրեն կմոռանան։

Ընդունելության քննություններից առաջ ընկերներն ազատ ժամանակ չէին ունենում։ Ինքն էլ, որպես բողոքի նշան, երկրորդ հարկի նեղ պատուհանից թռչում էր ու փախչում դասերից։ Բարձրությունից չէր վախենում, միայն մեկ անգամ տաբատն էր պատռել։

Նկարել էր սիրում։ Ամբողջ օրը դասարանում վիճում էին աշակերտական սեղանը «կեղտոտելու» պատճառով։ Վահեն լռում էր, վերցնում ձեռքի տակ ընկած տետրերն ու նկարազարդում վերջին էջը։ Նրա պատկերած երկրաչափական գրաֆիկները միշտ անթերի էին։

«Գրեթե ամեն շաբաթ դասարանում լամպ էր տրաքում։ Ուսուցիչները գիտեին, թե թույլ հոսանքից է։ Իրականում Վահեն գնում, գալիս էր, հարվածում լամպին։ Չարաճճի էր, միաժամանակ՝ լուրջ»,- արցունքն աչքերին՝ մտաբերում է դասընկերուհին՝ Սյուզաննան։

Ամեն մեկին մի փաղաքշական բառով էր դիմում։ Բոլորի սրտի գաղտնիքները գիտեր։

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ էր ընդունվել։ Սպորտն իր կյանքի իմաստն էր համարում։ Որոշել էր զորացրվելուց հետո հեռակայել համալսարանում և մեկնել արտերկիր՝ ծնողներին օգնելու։ «Մի օր կուրսեցիս մոտեցավ, ասեց` Վահեն իր եղբոր մարզիչն ա եղել։ Տուն եկա ու գրեցի, որ իրեն որպես մարզչի են ճանաչում։ Մի պահ շփոթվեց։ Ոնց էր ուրախացել», – մանրամասնում է աղջիկը։

Vahe-Zaqaryan-(2)

Մարզումների ժամանակ իրեն չէր խնայում։ Լեհաստան էր գնացել՝ մրցաշարի, վերադարձել մեդալով։ «Մեկ ա՝ մեդալները շատանալու են, կարող ենք աղջիկներին նվիրել», – ծիծաղում էր Վահեն։

Վերջինը հայրենիքին մատուցած ծառայությունների համար էր, որը 20-ամյա զինվորի հուղարկավորության ժամանակ առաջինը դուրս բերվեց եկեղեցուց։ «Վահեն ապրում է մեզնից յուրաքանչյուրի մեջ: Նա հայ տղամարդու այն կերպարն է, ումով պիտի հպարտանանք, զավակներ ծնենք, որոնք կկրեն նրա արժանի անունը»,- ամփոփում է Սյուզաննան։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930