Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի օր առաջ՝ սրտի մորմոքով այստեղ բերված ծաղիկներն այսօր վերածվելու են գեղեցիկ բացիկների»

Ապրիլ 27,2016 17:01

«Ծաղկահավաք»-ը մի քանի տարիների ընթացքում դարձավ ապրիլի 24-ի բնականոն շարունակությունը: Այս նախաձեռնության գաղափարն այնքան համահունչ էր մարդկանց ակնկալիքներին, որ բոլորինը դարձավ՝ առավել մեծ արձագանք գտնելով հատկապես երիտասարդների շրջանում. սա է կազմակերպիչներիս ամենակարևոր ձեռքբերումը: Հարգանքի տուրք մատուցելու այն մղումը, որ տասնյակ հազարավորների ամեն տարի ապրիլի 24-ին բերում է հուշահամալիր, այժմ ամբողջականացվում է Ծաղկահավաքով»,- այս մասին այսօր արդեն ավանդույթ դարձած Ծաղկահավաքի ժամանակ ասաց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

 

Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի փոխտնօրեն Եվա Մարտիրոսյանը նշեց, որ միջոցառումն արդեն 6-րդ տարին է անցկացվում, և ամեն տարի կամավորները շատանում են. «Գաղափարը ծագեց նրանից, որ տասնամյակներ շարունակ Ցեղասպանության համալիրում դրված ծաղիկները տարվում էին աղբատեղի, այրվում կամ արժանանում անհայտ ճակատագրի: Էմոցիաներով և հուզմունքով հուշահամալիր բերված ծաղիկների համար արժանի ավարտ չէ աղբատեղին: Դրա համար որոշեցինք երկրորդ կյանք փոխանցել այս ծաղիկներին:

exern-2

Ամեն տարի հարյուրավոր կամավորների օգնությամբ հուշահամալիրում խոնարհված ծաղիկները տեղափոխվում են աշխատասեղաններ, այնտեղ ցողուններն անջատվում են ծաղկաթերթերից և փաթեթավորումից: Փաթեթավորումը գնում է աղբ, ցողուններից մենք ստանում ենք պարարտախառնուրդ՝ բիոհումուս, որն օգտագործվում է հիշողության պուրակի հողը մշակելու համար և ծաղկաթերթերից մշակված ձեռակերտ թուղթ ենք ստանում: Օրվա վերջում հավաքում ենք ծաղիկները և տանում հատուկ չորանոցներ, որտեղ կա համապատասխան օդափոխություն, քանի որ ուղիղ արևի տակ չորացնել չի կարելի»:

Եվան փաստեց, որ այս տարի միայն վարդի թերթերն են որոշել օգտագործել, որովհետև դրանք ամենից գեղեցիկն ու հեշտն են չորանում: Մյուս ծաղկաթերթերը, որոնք հաստ են, չորանալու հետ դժվարություններ ունեն և հավելյալ աշխատանք են պահանջում: Մյուս ծաղիկները որպես բիոհումուս կօգտագործվեն:

Նա նաև հավելեց, որ ստացված թուղթը տարբեր նպատակներով են օգտագործում. «Շատ դժվար է ասել, թե այսքան ծաղկից որքան թուղթ կստացվի: Մենք մի մեծ հատված ավանդաբար տալիս ենք Ցեղասպանության թանգարանին, որն օգտագործում են հավաստագրեր, բացիկներ փաստաթղթեր պատրաստելու համար: Մի հատված էլ մեր կազմակերպությունն է հենց օգտագործում: Եթե ունենում ենք հայտեր մեր գործընկերներից, կամ եթե խնդրում են մի որոշակի հատված, մենք պարզապես նվիրում ենք»:

ՎիվաՍել-ՄՏՍ- գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ նկատեց, որ այս միջոցառումը ներառում է իր մեջ փոփոխության, լավատեսության, վերածննդի խորհուրդը.«Մի քանի օր առաջ՝ սրտի մորմոքով այստեղ բերված ծաղիկներն այսօր վերածվելու են գեղեցիկ բացիկների, որոնց վրա երախտագիտության խոսքեր կգրվեն, մի մասն էլ կօգտագործվի հողի մշակման համար, որի վրա նոր ծառեր կաճեն: Կարևոր է վառ պահել հիշողությունը, սակայն պետք է նայել առաջ և ստեղծել նորը, դառնալ ավելի ուժեղ և գիտակից ինքներս մեր և մեր շրջապատի առջև»:

Վերջում Եվան անդրադարձավ նաև կամավորներին՝ նշելով, որ փոքր տարիքի դպրոցականներից սկսած մինչև մեծ սերնդի տարեց մարդիկ գալիս, մասնակցում են աշխատանքներին՝ որպես անհատ և աշխատանքային թիմերով.«Ստեղծման օրից՝ չի եղել որևէ վճարովի աշխատող, և եթե առաջին տարիներին մարդիկ մի փոքր տարակուսանքով էին վերաբերվում նախաձեռնությանը, քանի որ նոր էր, շատերը չէին հասկանում, հիմա կամավորների բանակը օրգանապես այնքան է մեծացել, որ նույնիսկ մինչև մեր հայտ ուղարկելը մենք ենք սկսում ստանալ հայտեր կամավորներից: Կան, իհարկե, մեծ խմբեր, որոնք նոր են իմանում նախաձեռնության մասին և միանում են»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930