Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Մարգարյան. «Դուք կարդացե՞լ եք Ռոբերտ Քոչարյանի անունը նախաձեռնող խմբի մեջ». (Տեսանյութ)

Ապրիլ 27,2016 16:29

«Ես կարծում եմ, այո, ներուժ կա: Համենայնդեպս, ձգտելու ենք դրան»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը`պատասխանելով հարցին`ներուժ կա՞ ՀՀԿ-ին հակակշիռ դառնալու համար:

Ստեփան Մարգարյանը Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվող «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբում է: Նա ասաց, որ կուսակցության նպատակը փոփոխությունների գնալն է:

Լրագրողները հետաքրքրվեցին`այդ համատեքստում Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելո՞ւ են, Ստեփան Մարգարյանն ասաց, որ նոր Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը նախագահ չի լինելու, նախագահի պաշտոն էլ չի լինելու, որ որեւէ մեկի հրաժարականը պահանջեն կամ ոչ. «Մենք գնալու ենք փոփոխությունների: Որքանո՞վ կհաջողվի`ես կարծում եմ, բավական լուրջ: Բաց այն, որ մենք ձգտելու ենք դառնալ լուրջ բեւեռ, որպեսզի հասարակությանն այլընտրանք առաջարկենք, դա հստակ է»:

Թե ինչո՞ւ հասարակությունը պետք է վստահի հենց այդ ուժին, մանավանդ որ Վարդան Օսկանյանն արդեն եղել է իշխանության ու այդ շրջանի իշխանություններից ժողովուրդը գոհ չէ, իսկ նախաձեռնող խմբում ընդգրկված մյուս անձինք այդքան վառ արտահայտված անհատականություններ չեն, որոնց հասարակությունը վստահի: Վերջին դիտարկման հետ Ստեփան Մարգարյանը չհամաձայնեց: Ասաց, որ հասարակության վստահությունն էլ իրենց քայլերով պիտի շահեն: Կոնկրետ քայլերի մասին էլ այսօր հայտարարել են:

«Մենք չենք գնալու այնպիսի արատավոր երեւույթների`ընտրություններում փող բաժանել-չբաժանել եւ այլն: Ես կարծում եմ, որ այնքան գումար, որքան անհրաժեշտ կլինի`կկարողանանք հայթայթել»,- ասաց նա`պատասխանելով հարցին`ո՞վ է ֆինանսավորելու կուսակցությունը:

Հարցին`Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպե՞լ են, նրա հետ խոսե՞լ են իրենց ծրագրերից, Ստեփան Մարգարյանը հարցով պատասխանեց. «Դուք կարդացե՞լ եք Ռոբերտ Քոչարյանի անունը նախաձեռնող խմբի մեջ»: Բայց որ հանդիպում չի եղել`ասաց`հստակ կարող եմ ասել:

Ապագայում, ինչ-որ մի պահի, հնարավո՞ր է Ռոբերտ Քոչարյանն իրենց միանա`Aravot.am-ի հարցին, Ստեփան Մարգարյանն ասաց, որ ինքը բազմիցս է ասել`երբեք չի խորշում համագործակցել, համատեղ խնդիրներ լուծել որեւէ գործչի կամ քաղաքական ուժի հետ, եթե դա իր պատկերացումների շրջանակներում է:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930