Լրահոս
Օրվա լրահոսը

Քառօրյա պատերազմի ընթացքում հակառակորդը վնասել է հայկական կողմի 4 սանիտարական մեքենա

Ապրիլ 27,2016 16:27

ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց, որ քառօրյա մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը կորցրել է չորս սանիտարական մեքենա:

«Կարմիր խաչը մեքենայի վրա, մոտեցումը վիրավորին այնքան մոտ է լինում առաջնագծին, որ երեւում է, եւ հակառակորդը նպատակային հարվածել է մեքենային: Բարեբախտաբար, տվյալ պահի դրությամբ անձնակազմը դուրսն է եղել, երբ որ մեքենան ամբողջությամբ տեղում պայթել է, անձնակազմը դրսում վիրավորի հետ աշխատելիս է եղել, պատրաստել են, որպեսզի տեղափոխեն մեքենա, մինչեւ տեղափոխելը մեքենային հարվածել են: Մնացած երեք դեպքերում տարբեր տրամաչափերի հրազենային զենքերով վնասել են, բոլոր դեպքերում էլ բժշկական անձնակազմը չի տուժել, վիրավորներ ունեցել ենք, բայց մահվան դեպք չի գրանցվել»,- ասաց նա:

Կամավոր Խաչատրյանը քառօրյա պատերազմի ընթացքում բժշկական հաստատությունների աշխատանքը համեմատելով նախորդ պատերազմի ընթացքում կատարված բժշկական աշխատանքի հետ՝ ասաց, որ շատ մեծ տարբերություն կա. «Բոլոր վիրահատությունները կատարվել են Մարտակերտի հոսպիտալում: Այսինքն՝ դա ենթադրում է հետեւյալը, որ Մարտակերտի հոսպիտալը այնքան է հագեցված բժշկական տեխնիկայով, որ հնարավորություն ունեցել է այդ վիրավորներին վիրահատել: Մեր մյուս բոլոր  հոսպիտալներն էլ ապահովված են: Հայ բոլոր բժիշկները տվյալ ժամանակահատվածում մեկ խնդիր են լուծում՝ զինվորի կյանքը փրկել եւ խուսափել հետագա բարդություններից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930