ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը պնդում է, որ տարածքների վերադարձի մասին խոսելը դիվանագիտական քայլ է: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ ՀՀ-ն հստակ դիրքորոշում ունի, թեև նոր իրավիճակ է ստեղծվել, որը կապված է ՀՀ ԱԳՆ-ի և ՀՀ նախագահի հայտարարությունների հետ:
Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի` տարածքների վերադարձի մասին խոսելով` Սերժ Սարգսյանը ժամանակ է շահում. «Պարտադիր չէ, որ ասենք, թե տարածքները հետ չենք տալու, դեռ մի բան էլ Արևմտյան Հայաստանն ենք գրավելու»:
Դառնալով Ադրբեջանի վարած քաղաքականությանը` պատգամավորը նշեց, թե հակառակորդը փորձում է, որ մենք զիջումների գնանք: Այս առիթով նա մանրամասնեց. «ՀՀ նախագահը ցույց տվեց, որ չկա նման բան, առնվազն պիտի վերադառնանք 1994-ի դիրքերը: Մնացյալը բանակցությունների հարց է, բայց որ պիտի սկսենք 1994-ի բազայից, դա հստակ է»:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը վտանգ է տեսնում, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի միջոցով կհասնի ցանկալի որոշման:
Կարդացեք նաև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարած քաղաքականության առնչությամբ տիկին Ալավերդյանը նկատեց. «Ալիևը ձգտում է, որ ապացուցի, թե այլևս չեն աշխատում մադրիդյան սկզբունքները, Մինսկի խմբի ձևաչափը: Եթե մինչև այդ ասում էր, որ համաձայն է Մինսկի խմբի ձևաչափին և մադրիդյան սկզբունքներին, ապա այսօր նա լրիվ մերժում է: Նա դիմում է ՄԱԿ մի պատճառով, որ փակվի Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը և խնդիրը տեղափոխվի ՄԱԿ, քանի որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովների որոշման ընդունման մեխանիզմը թույլ է տվել իրեն մի անգամ որոշում ընդունել, որին դեմ էին քվեարկել համանախագահ երկրները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ