Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանն իր բիզնեսի և հարստության անվտանգության խնդիրն է լուծում». Ստեփան Սաֆարյան

Ապրիլ 27,2016 16:15

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ կուսակցության հիմնումը երկուստեք ձեռնտու է թե՛ Վարդան Օսկանյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին:

Նշենք, որ այսօր հայտարարություն տարածվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցության ստեղծման մասին:

Aravot.am-ի հետ զրույցում Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ, այսպիսով` պարոն Օսկանյանը լուծում է իր` քաղաքականության մեջ մնալու հարցը. «Եթե Վարդան Օսկանյանը 2012-ին քաղաքականություն վերադարձավ ԲՀԿ-ի ցուցակով, ապա այժմ ակնհայտորեն չի կարող տեղ ունենալ ապագա խորհրդարանում: Ուստի կուսակցության ստեղծումը թերևս իր անձնական շահագրգռվածությունն է այս դաշտում, այլ ոչ առանձնապես երկրի զարգացման համար: Նրա նպատակն է ստեղծել մի թիմ, մի անուն, որը կապահովի Վարդան Օսկանյանի քաղաքական կարիերան և ներկայությունը խորհրդարանում»:

Ըստ պարոն Սաֆարյանի` դա պարոն Օսկանյանը միայնակ չի կարող անել, և պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանի` այդ կառույցի ետևում լինելու հարցին ի պատասխան՝ Վարդան Օսկանյանը ժամանակին հայտարարել էր, թե «ոչ հերքելու եմ, ոչ հաստատելու»:

Stepan Safaryan

Ստեփան Սաֆարյանի համոզմամբ` պարոն Օսկանյանը «չի պատրաստվում հերքել անհերքելին, քանի որ իր խաղի համար առնվազն իրեն պետք է նման քաղաքական աջակցություն…կարծում եմ` այս ամեն ինչը հինգ տոկոսի պատմություն է»:

Քաղաքագետի համար տարօրինակ է այն, որ որևէ ձևով չի հայտարարվում, թե ինչ ծրագրի, գաղափարախոսության պակաս կա, ու սա էլ է ցույց տալիս, որ Վարդան Օսկանյանի ամբողջ նպատակը խորհրդարանում տեղ ունենալն է»:

Մեր հարցին` իսկ ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ գաղտնիք չէ, որ բոլորն էլ այս նորաստեղծ ուժը կապում են նաև Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, պրն Սաֆարյանը պատասխանեց, թե ՀՀ երկրորդ նախագահն իր բիզնեսի և հարստության անվտանգության խնդիրն է լուծում. «Քոչարյանին թիմ է պետք, որ իր ունեցվածքը, կուտակածը, գողացածը, թալանածը պահի: Այս օրերին նկատելի է, որ բարձրաստիճան պաշտոնյաները մտահոգված են, որ քառօրյա պատերազմը բացեց նաև այն թեման, որ անօրեն հարստացվածը ետ բերվի: Քոչարյանն առավել քան շահագրգռված է դառնում ստեղծել թիմեր, որոնք բուֆեր ու քաղաքական թաղանթ կհանդիսանան և թույլ չեն տա կպչել իր հարստությանը: Ուստի կուսակցության ստեղծման հարցում երկուստեք շահագրգռվածություն կա»:

Մեր հարցին` Ռոբերտ Քոչարյանը նաև լուծում է քաղաքականություն վերադարձի՞ հարցը, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Քոչարյանն այլևս չունի այն ազդեցիկ գործիքները. ԲՀԿ-ն փաստացի որպես երկրորդ քաղաքական գործոն վերածվել է մի շատ սովորական թիմի, որի` խորհրդարանում հայտնվելը նույն հավանականությունն ունի, ինչ մյուս բոլոր ուժերինը: Երաշխիք չկա, ինչպես 2012-ին էր: Հիմա այն ունի նույն այն շանսերը, ինչ մյուս բոլոր կուսակցությունները: ԲՀԿ-ն Քոչարյանի վերահսկողության տակից հանված է. տեսնում ենք տարբեր խմբակցություններ` մեկը վարչապետին սպասարկող, մյուսը` Տիգրան Ուրիխանյանը և այլն: Այս կտրվածքով էլ հենց Քոչարյանը չունի նախկին գործիքները, մանավանդ Սահմանադրություն է փոխվել, նախագահի պաշտոն չկա և խոսքը ուղղակի թիմը գլխավորելու միջոցով կամ ԱԺ նախագահ, կամ վարչապետ դառնալուն է վերաբերում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930