Ապրիլի 24-ին Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքի Դոմինիկյան վանքի բակում տեղի ունեցավ խաչքարի բացման արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին պատգամավորներ, հոգևոր գործիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ և Դուբրովնիկի քաղաքացիներ:
Բացման խոսքով հանդես եկավ Դոմինիկյան ուխտի անդամ, պատմական և աստվածաբանական գիտությունների պրոֆեսոր Հայր Ստեպյան Կրասիչը, ով իր խոսքում անդրադարձավ հայ ժողովրդի դարավոր պատմությանը, քրիստոնեության ընդունմանը և ընդգծեց, որ հայ ժողովուրդը իր հավատքի համար ամենաշատ տառապած ժողովուրդն է: Այնուհետև հանդես եկավ Խորվաթիայում ՀՀ հյուպատոս (նստավայրը՝ Հռոմ) Արման Հովհաննիսյանը: Վերջինս իր խոսքում նշեց, որ նրանք, ովքեր փորձել են բնաջնջել հայ ժողովրդին, ոչնչացրել են նաև հայության ներկայության հետքերը, այդ թվում նաև խաչքարերը՝ հիշատակելով ադրբեջանական բարբարոսությունները Նախիջևանում: Նշվեց, որ Հայոց ցեղասպանությունը դեռևս չի արժանացել միաձայն ճանաչման և դատապարտման: Թուրքիայից եկող ազդակները այս առնչությամբ հուսադրող չեն: Այս 101 տարվա ընթացքում Թուրքիայի իշխանությունները միայն հարստացրել են իրենց մերժողականության գործիքակազմը, ինչպես նաև խրախուսել Ադրբեջանի բռնապետական ռեժիմին կրկնել անցյալի ոճիրները, ինչպես դա տեղի ունեցավ օրեր առաջ Լեռնային Ղարաբաղում:
Այնուհետև վանքի առաջնորդ հայր Մատիաս Ֆարկաշը կատարեց խաչքարի օծման արարողությունը: Միջոցառումն ուղեկցվել է հայկական թառի հնչյունների ներքո՝ Միքայել Ոսկանյանի կատարմամբ:
Տեղեկանք. Խաչքարի քանդակագործն է Արտակ Համբարձումյանը: Խաչքարի պատրաստման և տեղադրման նախաձեռնությունը պատկանում է Հայ-խորվաթական ընկերակցության նախագահ Նաիրա Ասատրյանին:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ