Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ելույթ ունեցավ «Ազատություն» կուսակցության եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների անունից:
Նա ասաց, որ սուտը մնում է սուտ, եթե նույնիսկ դա իշխանությունները հիմնավորում են, այդ սուտը չի դադարում սուտ լինել: Նա ասաց, որ ընտրացուցակներում ունենք 2.5 մլն ընտրող՝ 2.5 մլն բնակչություն. «Ընդդիմությունն ասում է՝ այ ընկեր, եթե տեղական ընտրություն է, մշտական բնակչությունն է մասնակցում՝ այն քաղաքացիները, որոնք 6 ամիս ապրել են այդտեղ: Մենք ասում ենք նույնը արեք հանրապետության մասշտաբով, ասում եք՝ չէ: Դուք ասում եք՝ ցուցակներում 2.5 մլն ընտրող կա, ցուցակները չենք մաքրի, բայց էնպես կանենք, որ նրանք, ովքեր այստեղ չեն, չեն քվեարկի: Եղբա՛յր, թեկուզ իդեալական անցկացնեք, մաքրե՛ք ցուցակները, 1 մլն-ը հանե՛ք, սա պարտավոր եք անել:
Այ ընկերներ, բերիք զոռով-շառով անցկացրեցիք կայուն մեծամասնության թեզ: Լա՛վ արիք: Կայուն մեծամասնությունը մտցրեցիք, ասեցիք, որ թփրտա, բայց էնպես չլինի, որ կայուն մեծամասնությունը ինչ ուզենա անի: Սահմանադրությամբ մտցրեցիք օրգանական օրենք հասկացությունը՝ 3/5-րդով է ընդունվում: Պարզ չի, որ կայուն մեծամասնությունը 3/5-րդից ավելի չպիտի լինի, բայց դուք ասում եք՝ 2/3-րդ խրելու ենք մինչեւ վերջ: Բա 54 տոկոսից էիք խոսում: Սահմանադրությունը չմարսած՝ ախորժակներդ բացվել ա: Հասկանո՞ւմ եք ինչ եք անում, գոնե ձեզ հաշի՞վ եք տալիս դուք ինչ եք անում, ո՞նց կարող է կայուն մեծամասնությունը լինի 66.6 տոկոս: Եթե կա կայուն մեծամասնություն, ուրեմն պետք է լինի կայուն փոքրամասնություն: Բայց ձեր մոտ չի ստացվում, ասում եք՝ կայուն փոքրամասնություն կա, փոքրամասնություն չկա»: Բա ասում էիք վերահսկող է լինելու ընդդիմությունը»:
Կառավարության առաջարկած համամասնական ընտրակարգի տարբերակի հետ կապված էլ Բագրատյանն ասաց. «Ա՛յ ախպեր, ի՞նչ եք ուզում: Սահմանադրության մեջ ասվում է՝ հա-մա-մաս-նա-կա՛ն: Դուք ասում եք՝ չէ, ոնց կլինի, թող ժողովուրդը որոշի կուսակցության մեջից ով անցնի: Էդ դեպքում 100 տոկոսով ասեք, որ անցնում ենք հավաքած ձայներով, ինչի՞ եք ասում կես-կես, վախենում եք ՀՀԿ-ականների մեջ կռի՞վ լինի, թե՞ մտնում եք իմ կուսակցության մեջ, որ տեսնեք ով ա անցնում, գնաք հետո փողով առնեք: Չեղավ, կամ մարդավարի մի ընտրատարածք, կամ ոչ ոք չի անցնում, էս ինչե՞ր եք մոգոնում»:
Կարդացեք նաև
Նա կոչ արեց ընդդիմությանը կատեգորիկ դեմ լինել այս Ընտրական օրենսգրքին, թույլ չտալ, որ անհիմն փաստարկներ բերելով՝ իշխանությունը մտնի ընդդիմության դաշտը եւ ոտ ու գլուխը խառնի իրար, որոշի, թե ով ընդդիմությունից պետք է անցնի, ով՝ ոչ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ