Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Կանադայում

Ապրիլ 27,2016 15:47

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայի տարբեր քաղաքներում տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ:

Ապրիլի 17-ին Տորոնտոյում հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ և ՀՀ դեսպանության աջակցությամբ կայացավ հիշատակի միջոցառում, որին մասնակցում էին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորեց Կանադայի ողջ տարածքում կայանալիք հիշատակի միջոցառումների պատշաճ անցկացումը` ի մասնավորի նշելով տորոնտոհայության կողմից կազմակերպված միջոցառման կարևորությունը:

Միջոցառման ընթացքում Կանադայի խորհրդարանի Հասարակական կարգի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Օլիֆանտն ընթերցեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ուղերձը` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ:

Ապրիլի 19-ին Կանադայի խորհրդարանում կայացավ կանադահայ գրող Արամ Աճեմյանի «Կանչ Հայաստանից. Կանադայի պատասխանը Հայոց ցեղասպանությանը» գրքի շնորհանդեսը: Գրքի հրատարակությունը հայ ժողովրդի յուրահատուկ երախտիքի պատգամ էր Կանադայի ժողովրդին: Աճեմյանի հեղինակած գրքի շնորհանդեսը լայն արձագանք գտավ միջոցառմանը ներկա կանադացի խորհրդարանականների շրջանում, որոնց նաև բաժանվեցին գրքի օրինակները:

Ապրիլ 24-յան հիմնական միջոցառումները մեկնարկեցին ՀՀ դեսպանատանը, որտեղ դեսպանի հրավերով ժամանել էին կանադահայ համայնքի առաջնորդները: Դեսպան Եգանյանը ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլ 24-յան ուղերձը, ինչից հետո ՀՀ դեսպանությունում հոգևոր հայրերի և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ ավանդական հիշատակի աղոթք և խնկարկում: Դեսպանության առջև գտնվող «Հավերժ Հայաստան» հուշարձանի առջև տեղի ունեցավ պսակների զետեղման արարողություն:

Այնուհետև Կանադայի խորհրդարանի առջև կայացավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի` Կանադայում կենտրոնական միջոցառումը, որին ներկա էին դեսպան Եգանյանը, Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների առաջնորդները, կանադացի խորհրդարանականներ, Կանադայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ` ընդհանուր թվով շուրջ 3000 մարդ:

Իր ելույթում դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց Կանադայի կառավարությանը` Հայոց ցեղասպանությունը բոլոր մակարդակներով ընդունելու համար: Դեսպանը մասնավորապես նշեց. «Թե՛ Կանադայի Սենատը, թե՛ Ներկայացուցիչների պալատն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող համապատասխան բանաձևեր: Սկսած 2006թ.-ից` Կանադայի վարչապետերը յուրաքանչյուր տարի` ապրիլի 24-ին, հանդես են եկել համապատասխան ուղերձներով: Մենք շնորհակալ ենք համաշխարհային հանրությանը և միջազգային մամուլի ներկայացուցիչներին` Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության վրա շեշտադրում կատարելու համար: Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր կանգնած են հայ ժողովրդի կողքին` ողջ աշխարհով ոգեկոչելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը»:

Կանադայի կառավարության անունից ելույթ ունեցավ և վարչապետ Ջասթին Թրյուդոյի ուղերձը կարդաց խորհրդարանի անդամ Ֆայզալ Էլ-Խուրին: Միջոցառումից հետո կայացավ հիշատակի քայլերթ Օտտավայում:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կայացան և կայանալու են նաև Մոնրեալ, Լավալ, Վանքուվեր, Էդմոնթոն, Սեն Կետրինզ, Համիլթոն, Մոնկթոն և այլ քաղաքներում:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930