Aravot.am-ի հարցին` նոր կուսակցության ստեղծմամբ Վարդան Օսկանյանն իր քաղաքական կարիերայի և խորհրդարանում հայտնվելու հա՞րցն է լուծում, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ընդամենը 2,5 ժամ առաջ է ծնվել այդ քաղաքական ուժը, և նման գնահատական տալը դժվար է: Կաշխատենք, կհասկանանք»:
Մեր դիտարկմանը, թե գաղտնիք չէ, որ այս կուսակցության ետևում տեսնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այդ դեպքում նա՞ ինչ խնդիր է լուծում`քաղաքականություն վերադարձի՞, պարոն Սահակյանն արձագանքեց` հիշեցնելով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ եթե ինքը քաղաքականություն վերադառնալու ցանկություն ունենա, այդ մասին անձամբ կբարձրաձայնի:
Հիշեցրինք, որ Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ իրենք մտադիր են իշխանություն ձևավորել, պարոն Սահակյանը սա տրամաբանական համարեց ու նշեց, թե ցանկացած քաղաքական ուժ այդ նպատակը պետք է ունենա, այլապես կվերածվի հասարակական կազմակերպության:
Մեր մյուս հարցին` արդյոք «Համախմբումը» կարո՞ղ է դառնալ ՀՀԿ-ի համար այնպիսի մրցակից ինչպիսին էր ժամանակին ԲՀԿ-ն, պարոն Սահակյանը պատասխանեց. «Բոլոր քաղաքական ուժերն էլ շանս ունեն դառնալու ՀՀԿ-ի համար լուրջ մրցակից, բայց դրա համար պետք է քրտնաջան աշխատեն»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ