Գազի սակագնի նվազեցումն արդեն հստակ է: «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն հաշվարկված է, թե որ սպառողների համար որքանով է նվազելու գազի գինը:
Շուշան Սարդարյանն ասաց, որ «Գազպրոմ Արմենիան» դեռեւս չի դիմել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, սակայն առաջիկայում պատրաստվում են դիմել: Նշենք, որ հանձնաժողովը պետք է քննարկի եւ հաստատի, կամ մերժի «Գազպրոմ Արմենիայի» առաջարկած սակագինը:
Եվ այսպես, ըստ ընկերության հաշվարկի, ամսական մինչեւ 1000 խորանարդ մետր սպառողների համար գազի սակագին է առաջարկվում 146 հազար 700 դրամ, ներկայիս՝ 156 հազար դրամի փոխարեն:
Իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր գազ սպառողների համար առաջարկվում է սահմանել 257,56 դոլար, ներկայիս 276,98-ի փոխարեն:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ՌԴ վարչապետի՝ Հայաստան այցի շրջանակներում մեր երկիր մատակարարվող գազի սակագնի նվազեցման հարցն է քննարկվել. ՀՀ սահմանին այն դարձել է 150 դոլար:
Կարդացեք նաև
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հանձնարարվել է հաշվարկել, թե սպառողների համար որքան պետք է իջեցվի գազի գինը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ