Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմի համբերությունը հատել էր (Տեսանյութ)

Ապրիլ 27,2016 15:09

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն անդրադառնալով հանրապետության նախագահի երեկվա որոշումներին, որոնցով պաշտոնազրկվեցին պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաներ, ասաց, որ նախագահի որոշումը, վստահաբար, կարելի է կապել ապրիլյան 4-օրյա պատերազմի հետ:

Նրա խոսքերով, իշխանության ներսում տեղի ունեցած քննարկումների եւ վերանայումների արդյունք է. «Այդ մարդկանց զբաղեցրած պաշտոններն արդեն որոշակի ինֆորմացիա տալիս են, թե որտեղ են իշխանությունները տեսնում բացթողումները եւ վրիպումները: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո չտրվեց այն հարցերի պատասխանները, որ ինչպես հնարավոր էր չիմանալ սպասվող լայնամասշտաբ բլից-կրիգի մասին: Այն ժամանակ մեզ ասում էին, որ տեղեկություն ունեցել են, որ մոբիլիզացիա կա, բայց հարձակման ուղղության մասին չեն իմացել, ինչը անշուշտ, որեւէ կերպով չհամոզեց ոչ մեկիս: Հետախուզությունը ունակ պետք է լինի տալ հարձակման գլխավոր ուղղությունները եւ այլն: Բացի այդ անհամոզիչ մի փաստարկ է, որ գիտեինք, որ հարձակվելու են, բայց չգիտեինք որտեղից: Եվ, բնականաբար, ակնհայտորեն հետախուզության հետ կապված խնդիր ունեցել ենք»:

Պարոն Սաֆարյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

Քաղաքագետը խոսելով նաեւ հայկական կողմի երեկվա գործողություններից, որով հայկական զինուժը հետ է բերել 4-օրյա պատերազմում կորցրած որոշ դիրքեր, ասաց, որ հայկական կողմի համբերությունն ուղղակի հատել էր, քանի որ հակառակորդը անդադար ամեն օր հրետակոծում էր խաղաղ բնակավայրեր` նպատակ ունենալով այդ տարածքները հայաթափել:

Պարոն Սաֆարյանի խոսքերով. «Ադրբեջանի առավելագույն նպատակը եղել է որոշակի տարածքների զավթումը, եթե չասեմ ամբողջ Ղարաբաղի: Բլից-կրիգի առաջին պահերին առկա իրավիճակն անգամ թույլ է տալիս խոսելու նրա մասին, որ հակառակորդ-թշնամին հույսը դրել էր նրա վրա, որ խուճապ կսկսվի այդ հրետակոծություններից, անօդաչու սարքերից իրականացված եւ այլն, եւ բնակչությունը կթողնի կփախչի, բայց Ադրբեջանը ականատես եղավ ճիշտ հակառակին, մարդիկ չվախեցան, չփախան: Եղան ժամանակավոր տարհանումներ, ինչը ներկայիս պատերազմի պարագայում միանգամայն բնական է: Տարեցներին, երեխաներին, կանանց, հակամարտության գոտում փակելը, այդ ռազմական գործողությունների ժամանակ անիմաստ է դառնում եւ երկրորդ՝ Հայաստանի մոբիլիզացիան Ղարաբաղ գնալու, կամավորական այդ շարժումը եւ արագ հակահարձակման անցնելը, թերեւս խախտեցին պլանները»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930