«Մենք գտնում ենք, որ խորհրդարանական ընտրությունները շատ ճակատագրական են լինելու, եւ այդ ընտրություններով որոշվելու է մեր երկրի ապագան ինչ-որ տեղ, դրա համար էլ մենք գտնում ենք, որ առանձին- առանձին քաղաքական ուժերը, ովքեր նույն նպատակն են դրել շատ դժվար կլինի հաջողության հասնել, դրա համար էլ մենք կոչ ենք անում համախմբման: Մենք նաեւ ժողովրդին ենք համախմբման կոչ անում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Վարդան Օսկանյանն այսօր վերջապես պաշտոնապես հայտարարեց`իր կողմից ստեղծվելիք կուսակցության մասին:
«Այսպես այլեւս շարունակել հնարավոր չէ»,- կարծում է Վարդան Օսկանյանը` հիմնավորելով ու բացատրելով եւս մեկ կուսակցության անհրաժեշտությունը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը` ինչո՞ւ պետք է հասարակությունը համախմբվի հենց այս կուսակցության շուրջ, Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Ես չասի միայն մեր շուրջ, ես ասեցի քաղաքական ուժերի շուրջ, որոնց ծրագիրը ժողովուրդը կհավանի, մենք նման հավակնություն ունենք, որովհետեւ գիտենք, որ ներկայանալու ենք այնպիսի ծրագրով, որ ժողովուրդը տեսնելու է, որ այստեղ իսկապես խնդիրներ են լուծվելու, եւ փորձելու ենք գնալ այն համախմբմանը, որ արդյունքների հասնենք»:
Կարդացեք նաև
Հարցին` հնարավո՞ր է «Համախմբումն» էլ համախմբվի իշխանության շուրջ` նկատի ունենալով այն իրողությունը, որ ընդդիմադիր ուժերն արտաքին մարտահրավերները նկատի ունենալով համախմբվեցին՝ նա պատասխանեց. «ՄԵնք շատ հստակ նպատակ ունենք մեր առաջ` կազմակերպվել, ծրագիր ներկայացնել եւ գնալ հաջորդ խորհրդարանական ընտրություններին, հասնել իշխանության ձեւավորմանը»:
ԸՕ-ի քննարկումների ժամանակ Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ ընտրությունները քսան տարի կեղծվել են: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հակադարձեց` հետեւաբար 1998-ին եւ 2003-ին կեղծված ընտրությունների արդյունքում եւ ոչ լեգիտիմ նախագահի կողմից է Վարդան Օսկանյանը նշանակվել արտաքին գործերի նախարար: Արդեն լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այս «բանավեճին», Վարդան Օսկանյանն ասաց, որ ինքը մշտապես է շեշտել, որ ընտրությունները կեղծվել են. «Եթե ըստ պարոն Շարմազանովի, քսան տարի ընտրություններ չեն կեղծվել, ապա նա այլ մոլորակում է ապրում»:
Օսկանյանը նաեւ պարզաբանեց` ընտրությունները քսան տարի կեղծվել են ասելով, ինքը նկատի ունի, որ եթե անգամ տասը ձայն կեղծվել է, ապա ընտրությունները տասը ձայնով շեղվել է իր ընթացքից. «Եթե կա խախտում, նշանակում է արդյունքը չի արտահայտել ժողովրդի կամքը, ուրեմն կեղծվել է»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ