Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրեմն դուք չեք եղել ոչ լեգալ, ոչ լեգիտիմ». Շարմազանովը՝ Օսկանյանին (Տեսանյութ)

Ապրիլ 27,2016 14:41

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, Վարդան Օսկանյանը ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ ՀՀ-ում 20 տարի ընտրությունները կեղծվել են:

Պատասխանելով Օսկանյանի հայտարարությանը՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Դա ինձ համար մի քիչ բացահայտում էր: Հայտարարվեց, որ 20 տարի շարունակ կեղծվել են ընտրությունները: Ես չեմ հիշում, որ իմ հարգարժան ավագ գործընկերը, երբ բարձր պաշտոն էր զբաղեցնում, նման հայտարարություն արած լիներ: Գուցե թաքուն ղեկավարության ականջին ասել է՝ չգիտեմ, բայց հրապարակային չեմ հիշում, պարոն Օսկանյան: Եթե 20 տարի կեղծվել են ընտրությունները, ապա գոնե 1998-ին եւ 2003-ին նախագահական ընտրություններից հետո դուք ՀՀ նախագահի կողմից նշանակվել եք որպես արտգործնախարար այդ կեղծված ընտրություններից հետո, դա դուք եք ասում, ես չեմ ասում, կարելի՞ է ենթադրել, որ դուք, որպես արտգործնախարար եւ ձեր նշանակումը չի եղել ոչ լեգալ, ոչ լեգիտիմ»:

Անդրադառնալով քննադատությանը, որ սա ոչ թե համամասնական համակարգ է, այլ քողարկված մեծամասնական՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Բարեկամներ, սա համամասնական ընտրակարգ է: Համամասնական համակարգի տարբերակներ կան, այն տարբերակը, որն առաջարկվում է կառավարության կողմից, աշխարհի շուրջ 20 երկրներում կիրառվում է: Եթե քաղաքական ուժը ամեն ընտրատարածքում չունի 5-10, 15 հոգի առաջադրի, բա քանի՞ կոպեկ արժի էդ քաղաքական ուժը, առանց թիմի ձգտում եք իշխանությա՞ն: Քաղաքականությունը լուրջ թիմային աշխատանք է պահանջում»:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը՝ ասաց, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է եւ յուրաքանչյուրն ինքն է որոշում կուսակցություն ստեղծել, չստեղծել, առաջ գնալ, առաջ չգնալ. «Վերջին շրջանում բազում կուսակցություններ են ստեղծվել, դրանցից ո՞ր մեկն է ասել, որ ինքը հերթական է, բոլորն էլ ասել են, որ արմատական են, իշխանության են ձգտելու, իրենք են այլընտրանքը իշխանության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930