Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանի բացահայտումը՝ «ՀՀ-ում 20 տարի ընտրությունները կեղծվել են» (Տեսանյութ)

Ապրիլ 27,2016 14:03

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե ինչպես են կեղծվել ընտրությունները Հայաստանում արդեն 20 տարի: Ուշագրավ է, որ դա ներառում է նաեւ Քոչարյանի իշխանության գալու ժամանակահատվածը, երբ ինքը այդ կեղծված իշխանության օրոք դարձել է արտգործնախարար:

Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Վարդան Օսկանյանը եւ ուշագրավ հայտարարություն արեց:

Նա բարձրաձայնեց. «ՀՀ-ում երկու տասնամյակ ընտրությունները կեղծվել են: Մենք բոլորս դա արձանագրում ենք: Կեղծվել են ընտրակաշառք բաժանելով, կարուսելներ կազմակերպելով, կրկնակի քվեարկություններով, բացակա մարդկանց կողմից քվեարկելով, կեղծվել են լցոնումներով, կեղծվել են վերջում բոլոր տեսակի հաշվառման ժամանակ խարդախություններով»:

Վարդան Օսկանյանն ասաց, թե այդ բոլորը հաշվի առնելով՝ Ընտրական օրենսգրքով ուզում ենք այս խնդիրները լուծել, մինչդեռ ներկայացված օրենքը այդ խնդիրները չեն լուծում:

Նրա խոսքերով՝ ընտրությունների կազմակերպչական խնդիրը, ընթացքը, ձայների հաշվարկը, դիտորդների, ԶԼՄ-ների մասնակցությունը մի հարթություն է, երկրորդ հարթությունը Սահմանադրությամբ նախատեսված ընտրակարգի կանոնակարգումն է, երրորդ հարթությունը խորհրդարանական համակարգի էության սահմանումն է. «Յուրաքանչյուր օրենք ունի իր ոգին եւ տառը, հաճախ ոգին է թելադրում տառը, ոչ թե հակառակը: Արդյոք այդ տեքստը, որ ներկայացվել է, համապատասխանո՞ւմ է այն ոգուն, որը մեզ թելադրում է այս օրենքն անցկացնել: Ո՞րն է մղիչ ուժը, որ մենք գնում ենք ԸՕ փոփոխության»:

Վարդան Օսկանյանն ասաց, որ 4+4+4-ը դժբախտաբար տապալվել է, բայց իրենք ձեռքերը ծալած չեն նստելու, փորձելու են այն 4 կետերի շուրջ բանակցել եւ ամբողջական կոնսենսուսի գալ. «Դավի՛թ, համամասնական, մեծամասնական վեճի մեջ ես չեմ ուզում մտնել: Իմ տրամաբանությունը հետեւյալն է՝ մաքուր համամասնական ընտրությունը նա է, երբ ամբողջ ՀՀ-ն դառնում է մի ընտրատարածք, կուսակցությունները ներկայանում են իրենց ցուցակներով, ով ինչ ձայն է հավաքել, այդ ցուցակներից կազմվում է խորհրդարան: Մաքուր մեծամասնականը նշանակում է, որ ՀՀ-ն բաժանվեր 101 ընտրատարածքի եւ յուրաքանչյուրից ընտրվեր 1 հոգի: Ցանկացած այլ տարբերակ, որ այս մեկը կամ մյուսը չէ, արանքում ինչ-որ մի տեղ է, ինձ համար դա հիբրիդային տարբերակ է: Իսկ մեր Սահմանադրությունը ամրագրել է, որ պետք է լինի համամասնական»,- դիմելով Դավիթ Հարությունյանին՝ ասաց Օսկանյանը:

Նա ասաց, որ ներկայացված օրենսգիրքը հակառակ պատկերն է ստեղծելու, եթե նախկինում մի հոգի էր փող բաժանում՝ օգտագործելով իշխանական լծակները՝ ձայն բերելու, հիմա մի ընտրատարածքում 5-10 հոգի նույնն է անելու՝ իր վարկանիշը բարձրացնելու: Արդյունքում՝ մեծամասնական արատավոր համակարգը չի աշխատելու:

Խոսելով խորհրդարանական համակարգի մասին՝ Վարդան Օսկանյանն ասաց՝«Հանրաքվեի ժամանակ մենք ինչ էինք ասում՝ անցնում ենք կիսանախագահականից խորհրդարանականի, որովհետեւ դա ավելի բաշխում է իշխանությունը: Մենք դրանով ջարդում ենք քաղաքական մենաշնորհը, ուժը մի մարդու ձեռքին չի լինում, տարածում ենք ավելի լայն քաղաքական դաշտի վրա: Բայց օրենքում այնպիսի դրույթներ են դրվել, որ մեծացնում ենք հնարավորությունը ինչ-որ մի քաղաքական ուժի մենաշնորհի պահպանմանը: Եթե մի ուժ ստանում է 50+1 ձայն, փոխանակ ստիպենք նրան, որ այլ կուսակցության հետ կոալիցիա կազմի, նրան տալիս ենք 4 տոկոս՝ կազմելու կայուն մեծամասնություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930