Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպան. «Համոզիչ Ընտրական օրենսգիրքը 8 էջից է բաղկացած»

Ապրիլ 27,2016 13:33

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 26-ին ԵՄ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և Ֆրիդրիխ Նաումանի անվան «Հանուն ազատության» հիմնադրամը «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպեց «Կառուցելով փոխհամաձայնություն նոր Ընտրական օրենսգրքի շուրջ» թեմայով քննարկումը, որին մասնակցում էին նաեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները:

Քննարկմանը ներկա ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին ասաց, որ ԵՄ-ն փորձում է օգնել Հայաստանին` եվրոպական արժեքներ որդեգրելու եւ ամրապնդելու նպատակով, իսկ այդ գործում առաջիկա` 2017թ. խորհրդարանական ընտրությունները մեծ նշանակություն են ունենալու:

«Որոշ մարդիկ ասում են, որ այդ ընտրությունները Հայաստանի ապագան են կանխորոշելու, որովհետեւ առաջին ընտրություններն են` նոր Սահմանադրության ներքո: Դրանք մեծ դեր են ունենալու քաղաքական զարգացումների տրամաբանությունը որոշելու համար: ՀՀ-ն իրեն պետք է ազատի «կառավարվող ժողովրդավարության» ճիրաններից: Այդ տերմինը հիմնականում հետսովետական տարածաշրջանին է բնորոշ: Պետք է Խորհրդային միության ժառանգությունից անցում կատարվի ազատական եվրոպական մոդելին: Սակայն ՀՀ-ում «կառավարվող ժողովրդավարության» տարրերն ավելի երկարակյաց են»,-ասաց դեսպանը:

Նա նշեց, որ Ընտրական օրենսգիրքը ԵՄ-ի համար խորհրդանշում է փոխվստահության ձեւավորման գործընթաց. «Որպեսզի դա տեղի ունենա, մեծ փաստաթղթեր պետք չեն: Համոզիչ Ընտրական օրենսգիրքը 8 էջից է բաղկացած: Բայց ՀՀ-ի ԸՕ-ն 250 էջ ունի եւ կարծում եմ` առաջիկայում էլ էջերի թիվը կմեծանա: Դա ցույց է տալիս, որ ՀՀ-ն կարիք ունի վստահության ձեւավորման գործընթացի:

Քաղաքականությունն ինքնին բաժանարար երեւույթ է եւ մեզ համար զարմանալի չէ, որ այս քննարկումները տեղի են ունենում տարբեր ընկալումներով: Ճիշտ է, կոնսենսուս չկա, բայց պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Կարծում եմ` դեսպանները ինձ կնախանձեն, որ կարող եմ հաճախակի երկխոսություն ունենալ կառավարության ներկայացուցիչների հետ: Կոնսենսուսը համընդհանուր միաձայնությունը չէ, այլ առարկությունների բացակայությունը: Այսպիսի ըմբռնում ունեցա, երբ տեսնում էի, որ որոշ կողմեր չէին բավարարվում քննարկման արդյունքներով: Եթե ինչ-որ առաջարկ ընդունում ես կասկածների դեպքում, բայց հանուն ավելի մեծ նպատակակետի, հնարավոր է գալ ընդհանուր համաձայնության»:

Պյոտր Սվիտալսկին նաեւ կարծիք հայտնեց, որ 2017թ.-ի ընտրությունները տարածաշրջանում ամենալավն են լինելու. «Կուզենամ, որ այդպիսին լինեն: Ցանկացած խնդիր կարող ենք քննարկել եւ գտնել պատշաճ լուծումներ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930