Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Ռաբաթում մասնակցել են Ռոուզ-Ռոթ սեմինարին

Ապրիլ 27,2016 13:11

Ապրիլի 20-22-ը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը Ռաբաթում (Մարոկկոյի Թագավորություն) մասնակցել են ՆԱՏՕ ԽՎ-ի Միջերկրածովյան եւ Մերձավոր Արեւելքի հատուկ խմբի 91-րդ Ռոուզ-Ռոթ համատեղ սեմինարին:

Սեմինարի օրակարգի առանցքային թեմաներն են եղել Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային զարգացումները, Սիրիայում եւ Իրաքում ճգնաժամը, փախստականների խնդիրը, ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում միասնական ռազմավարությունը, ահաբեկչության ֆինանսավորման եւ այլ հարցեր:

Տարածաշրջանային խնդիրների համատեքստում հայկական պատվիրակությունը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, դրա հետեւանքներն ու զարգացումները: Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակներն իրենց արձագանքներում հակահայկական քարոզչություն իրականացնելու փորձեր են արել: Բոլոր այդ փորձերը համարժեք պատասխան են ստացել հայկական պատվիրակության կողմից: Մասնավորապես, Կորյուն Նահապետյանն ընդգծել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ Ադրբեջանի կապը՝ անդրադառնալով Իսլամական պետության զինյալների ներթափանցմանը Հարավային Կովկաս եւ այդ ահաբեկչական կազմակերպության գործելաոճով հայ քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների նկատմամբ ադրբեջանցիների իրականացրած սպանություններին ու վայրագություններին:

Ներկայացվել է նաեւ Թուրքիայի ապակառուցողական դերը Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում: Կորյուն Նահապետյանն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Թուրքիան ակտիվ աջակցություն է ցուցաբերում Իսլամական պետության ահաբեկիչներին: Ընդգծվել է նաեւ, որ Թուրքիան չի ճանաչել մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցանքը՝ Հայոց ցեղասպանությունը: Հայկական պատվիրակության ղեկավարը մատնանշել է Թուրքիայի քայքայիչ դերը տարածաշրջանային իրադրության ապակայունացման գործում՝ պետական բարձր մակարդակով ահաբեկչությանն օժանդակելու եւ Ադրբեջանին նոր ագրեսիվ գործողությունների դրդելու միջոցով:

Պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանն ընդգծել է, որ ժամանակակից տեղեկատվական հոսքի պայմաններում բարդ է քողարկել իրականությունը: Նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից շահարկվող ՄԱԿ-ի չորս բանաձեւերին՝ նշելով, որ Ադրբեջանը հղում է անում դրանց ընդամենը մեկ կետի, մինչդեռ բանաձեւերը պարունակում են նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վերաբերյալ դրույթներ: Թեւան Պողոսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հաղթել է նախորդ պատերազմում, հաղթել է նաեւ այս քառօրյա պատերազմում, եւ եթե Ադրբեջանը ցանկանում է լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով, ապա պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ բանակցային սեղանի շուրջ քննարկելով նախկինում ընդունված բազմաթիվ բանաձեւերի եւ ստորագրած համաձայնագրերի պահանջները:

Սեմինարի ընթացքում պատվիրակության անդամները բարձրացրել են մի շարք հարցադրումներ եւ հնչեցրել դիրքորոշումներ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման, ահաբեկչության եւ ծայրահեղականության, ներառյալ վարձկանների դեմ պայքարի, ինչպես նաեւ միջազգային անվտանգության այլ խնդիրների վերաբերյալ:

 

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930