Կրեմլի բարձրաստիճան աղբյուրը «Կոմերսանտին» հաստատել է. «Մենք գործի ենք դրել անհրաժեշտ բոլոր դիվանագիտական մեխանիզմները՝ կողմերին բանակցությունների սեղանի շուրջ ամենամոտ ժամանակում նստեցնելու համար»:
Այդուհանդերձ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շտապել է ժխտել Բաքվի և Մոսկվայի հայտարարությունները: Նա զարմանք է հայտնել այն ազդանշանների առթիվ, որ խաղաղ բանակցություններն իբր կարող են սկսվել օրեցօր, և թվարկել է մի քանի պատճառ, որոնք, նրա կարծիքով, երկխոսության վերականգնումը դարձնում են անտեղին: Պատճառներից մեկը՝ վստահության միջոցների և անվտանգության երաշխիքների բացակայությունն է:
«Մենք այնտեղ բանակցություններ կսկսենք, իսկ զինվորականներն այստեղ՝ պատերա՞զմ: Որտե՞ղ եք այդպիսի բան տեսել»,- զարմացած հարցադրում է արել նախագահ Սարգսյանը:
Հայաստանի առաջնորդը հստակ հասկացրել է՝ իր երկրում հասարակական կարծիքը հիասթափված է Մոսկվայի գործողություններով, որը փորձում է հավասարակշռություն պահել Երևանի և Բաքվի միջև: Ավելին՝ նա ակնարկել է, որ այդ հիասթափությունը կարող է է՛լ ավելի խորանալ: Վերջապես, խոսելով անցյալ շաբաթ կայացած ՌԴ ԱԳՆ ղեկավարի երևանյան այցի մասին, Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ պարոն Լավրովը «տվյալ փուլում չէր կարող բերել ինչ-որ առաջարկներ կամ փաստաթուղթ, քանի որ փորձառու դիվանագետ է և հրաշալի հասկանում է, որ խոսել բանակցությունների մասին քառօրյա պատերազմից հետո անտրամաբանական է»: Սերժ Սարգսյանը նաև հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չի տեսնում:
Կարդացեք նաև
Անցյալ շաբաթ Սերգեյ Լավրովը Երևան էր բերել միջազգային միջնորդների հետ համաձայնեցված առաջարկներ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ:
«Կոմերսանտի» տեղեկություններով՝ խոսքը գնում էր Մադրիդյան սկզբունքների արդիականացված տարբերակի մասին:
Երեքշաբթի՝ Bloomberg-ին տված աղմկահարույց հարցազրույցից հետո գրեթե մեկ օր անց, Սերժ Սարգսյանը վերադասավորումներ է արել ուժային կառույցներում՝ աշխատանքից ազատելով միանգամից երեք բարձրաստիճան զինվորականի՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին, զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին:
«Կոմերսանտի» աղբյուրների համաձայն, որոնք մոտ են կանգնած ՌԴ ՊՆ-ին, հայ բարձրաստիճան զինվորականների՝ աշխատանքից ազատումը ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների հետ: Արշակ Կարապետյանը հեռացվել է պաշտոնից իր ենթակաների հաշվեսխալների պատճառով, որոնք չէին կարողացել նախօրոք տեղեկացնել բարձրագույն ղեկավարությանը Ադրբեջանի կողմից շփման գծում ծանր սպառազինությունների տեղակայման մասին (մասնավորապես, ТОС-1А հրամետ համակարգերի): Դրանց կիրառումից հետո հայ զինծառայողները լուրջ կորուստներ են կրել: Բացի այդ՝ Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներում տուժածների համար չկային հակաայրվածքային միջոցներ, որոնք արտահերթ կարգով բերվել են Մոսկվայից: «Կոմերսանտի» տվյալներով՝ Ալիկ Միրզաբեկյանին աշխատանքից ազատել են «հայ զինծառայողների ապահովման հաշվեսխալների պատճառով», իսկ Կոմիտաս Մուրադյանին՝ «զորքերում խնդիրների պատճառով, որոնք բացահայտվել են հակամարտության բռնկման ժամանակ»:
Թարգմանությունը՝ Ստելլա Մեհրաբեկյանի/civilnet.am