Լրահոս
Օրվա լրահոսը

Մանսուրյանի «Ռեքվիեմը» հոգեհարազատ էր ինչպես գերմանացիներին, այնպես էլ հայերին

Ապրիլ 27,2016 12:59

Գերմանիա- Ապրիլի 24-ը Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքում սկսվեց Գյոփինգենի Սուրբ Խաչ Հայ Առաքելական եկեղեցում մատուցված Սուրբ պատարագից, որին հաջորդեց եկեղեցու առջեւ տեղադրված խաչքարի առաջ Հայոց Ցեղասպանության Սրբոց Նահատակաց բարեխոսական հատուկ կարգ։ Այն շարունակվեց Շտուտգարդի հայոց գերեզմանատան խաչքարի առջեւ, ուր կրկին հավաքվել էին մի քանի հարյուր համայնքայիններ։ Արարողությունից հետո համայնքի հոգեւոր հովիվ՝ Արժանապատիվ Տ․Տիրատուր քհն․ Սարդարյանը դիմելով ներկաներին, պատվիրեց չմոռանալ, այլ սրտերում փորագրել հիշատակը հայոց ցեղասպանության զոհերի։ «Այսօր մեզ փորձում են համոզել մոռանալ, բայց ինչպես կարելի է մոռանալ կորուստները եկեղեցիների ու տարածքների, բայց մանավանդ միլիոնավոր մարդկանց, որ զոհ դարձան եւ նույնիսկ չծնվեցին…»,- ասաց Տեր հայրը։ Իր սրտի խոսքով ելույթ ունեցավ նաև համայնքի ամենատարեց անդամներից մեկը՝ դոկտոր Ներես Քարայանը, ով հիասքանչ հայերենով իր խոսքն ուղղեց ներկաներին, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ոճրագործությանը, դատապարտելով թշնամուն, պահանջելով հայ երիտասարդներից ավելի հայացած, ավելի հավատացյալ դարձած, վերադառնալ տները, հիշել, չմոռանալ եւ լինել պահանջատեր։

Mansuryan

Շտուտգարտի կենտրոնական միջոցառումը տեղի ունեցավ բողոքական Մարթին Լյութեր եկեղեցում։ Հոգեւոր հովվի ողջույնի խոսքից հետո ելույթ ունեցավ Բադեն-Վյուրթեմբերգի Լանդթագի պատգամավոր, կանաչների կուսակցության անդամ Վիլի Հայդերը։ Նա ոչ միայն հստակորեն դատապարտեց Թուրքիային՝ ցեղասպանությունը չճանաչելու համար, այլեւ խոսեց Գերմանիայի մեղսակցության մասին եւ վստահեցրեց ներկաներին, որ կանաչների կուսակցությունն ամեն ջանք պետք է թափի, որ հունիսի 2-ին Գերմանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ելույթ ունեցավ նաեւ ազգությամբ թուրք, քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից Բիրգյուլ Ակփինարը, ով ներողություն խնդրեց հայ ժողովրդից ցեղասպանության համար, գլուխ խոնարհելով զոհերի առջեւ, դատապարտելով Թուրքիայի այսօրվա իշխանություններին։ Նա նույնպես խոստացավ, ամեն ջանք ներդնել, որպեսզի Գերմանիայի Բունդեսթագը ճանաչի ցեղասպանությունը, եւ հնարավոր դառնա երկխոսությունը Գերմանիայում բնակվող հայերի, հույների, Պոնտոսի հույների, ասորիների եւ թուրք երիտասարդների միջեւ։ Ելույթ ունեցավ նաեւ Բադեն-Վյուրթենբերգի Բողոքական Եկեղեցու ներկայացուցիչ՝ պրոֆեսոր Ուլրիխ Հեկելը, ով իր ցավակցությունը եւ զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին, եւ հաստատեց բողոքական եկեղեցու բոլոր ուժերը ներդնել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը։

Ողջույնի խոսքերից հետո տեղի ունեցավ երկար սպասված Տիգրան Մանսուրյանի«Ռեքվիեմի» կատարումը՝ մասնակցությամբ Բադ-Վիլբելի կամերային նվագախմբի, ZwischenTöne երգչախմբի, երգիչներ Անի Յորենցի եւ Գուրգեն Բաղեյանի, եւ դիրիժոր Քլաուս Ալբերտ Բաուերի ղեկավարությամբ։ Հիասքանչ այս կատարումը, որը սինթեզ էր լատինական տեքստերի եւ հայկական երաժշտության, շատ հոգեհարազատ էր ինչպես գերմանացիներին, այնպես էլ հայերին։ Այդ երաժշտությունը մի փոքր կարծես թեթեւացրեց հայ ժողովրդի վիշտը, եւ ինչպես հոգեւոր հովիվն իր շնորհակալանքի խոսքում ասաց. «Մեր սրբադասված նահատակները իրենց բարեխոսությամբ նայում են մեզ եւ ուրախանում, որ մենք հիշում ենք իրենց, ուստի մենք էլ պետք է միանանք նրանց եւ միասին աղոթենք՝ «Հայր մեր, որ յերկինս ես»։ Համերգին ներկա էին շուրջ 400-ից ավելի հայ եւ գերմանացի, հույն եւ արամեացի։ Համերգի ավարտին հոտնկայս երկարատեւ ծափահարությունների արժանացավ ինչպես Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը», այնպես էլ նվագախմբի, երգչախմբի եւ մենակատարների կատարումը։

 

Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930