Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ, ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում իրավիճակը հետ բերելը բավականին բարդ է:
«Այնպես անել, որ ադրբեջանցիները կրակեն գոնե այն հաճախականությամբ, ինչպես մինչեւ իրավիճակի սրումը՝ նույնպես շատ բարդ է, որովհետեւ իրավիճակն արդեն սրվել է: Իսկ ապրիլյան վերջին դեպքերից հետո այնպես անել, որ ընդհանրապես չկրակեն, հնարավոր չէ»,- այսօր «Անդրադարձ» ակումբում ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններին եւ պատասխանելով հարցին, թե արդյոք պաշտոնանկությունները պայմանավորվա՞ծ էին քառօրյա պատերազմում հայկական կողմի անհաջողություններով, ու լայնամսշտաբ գործողությունների մասին նախապես տեղեկատվություն չունենալու հանգամանքով, պարոն Իսկանդարյանն ասաց, որ պաշտոնանկությունները բնականոն գործընթաց են ու աղետալի հետեւությունների դրանից պետք չէ անել. «Ի՞նչ անհաջողություններ, տեղի ունեցածը հայկական եւ ղարաբաղյան բանակի վիճակի ցուցիչն էր: Քառօրյա պատերազմում քանակային տարբերությունից բացի՝ եղել է նաեւ որակային տարբերություն: Ադրբեջանական կողմից մեր տասնութ տարեկան զինվորների վրա հարձակվել է սպեցնազը»:
Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, հայկական կողմը մի քանի ուղղությամբ է հիմա աշխատում՝ թե դիվանագիտական, թե՛ ռազմական. «Համակողմանի գործողություններ են իրականացվում, սպասենք՝ ինչ կլինի»:
Կարդացեք նաև
Քաղաքագետի համոզմամբ, Ադրբեջանը հիմա կարիք ունի իրավիճակը սրել, որովհետեւ եթե նրանք դադարեն ընդհանրապես կրակել, ակնհայտ է, որ հայկական կողմից ոչ մի կրակոց չի լինի, իսկ այդ դեպքում աշխարհը կմոռանա Ղարաբաղյան հակամարտությունը. «Այն էլ հիմա, երբ կա սիրիական հարց, Իրաք, Դոնեցկ ու միլիոն խնդիր: Իսկ հակամարտության վրա աշխարհի ուշադրություն գրավելու համար ադրբեջանցիները սրում են իրավիճակը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ