Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն, որտեղ հանդիպում է ունեցել այդ երկրի փոխնախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հաղորդում է Грузиа Online լրատվական կայքը։
Հանդիպման մասին Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որի մեջ մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ փոխնախագահը շնորհավորել է Վրաստանի վարչապետին՝ ձեռք բերված հաջողությունների համար, որոնք գրանցվել են այդ երկրի անկախության 25 տարիների ընթացքում և նշել, որ Վրաստանը տարածաշրջանում առաջատար պետություն է։
Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին իր հերթին մեկնաբանել է հանդիպումը՝ նշելով. «Մենք բավականին հետաքրքիր հանդիպում ունեցանք փոխնախագահ Բայդենի հետ։ Նա մեծ աջակցություն է ցուցաբերում Վրաստանին։ Մենք խոսեցինք անցած 25 տարիների ընթացքում մեր համագործակցության մասին»։
Վրաստանի վարչապետը նշել է նաև, որ իր երկիրը լուրջ համագործակցության մեջ է ԱՄՆ-ի հետ և ավելացրել է, որ Բայդենի հետ հանդիպման ընթացքում քննարկել են նաև առաջիկա 25 տարիների ընթացքում երկու երկրների հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, որոնք վերաբերում են անվտանգության, պաշտպանության և տնտեսական համագործակցության խորացման ոլորտներին։