Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղավորները, պարզվում է, միայն բանակում են. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 27,2016 12:28

Ղարաբաղի հարցում հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում։ Նախ՝ հակառակ կանխատեսումներին, քառօրյա պատերազմից հետո լարվածությունն օրեցօր ոչ թե թուլանում է, այլ միայն ավելանում, այսինքն՝ հրադադար ըստ էության գոյություն չունի, այնտեղ ամեն օր լուրջ պատերազմ է, որը ցանկացած պահի կարող է ավելի լրջանալ՝ արդեն ծանր զինատեսակների եւ ավիացիայի կիրառմամբ։ Եվ երկրորդ՝ Սերժ Սարգսյանն է կտրուկ քայլերի գնում։

Սկսենք կադրային փոփոխություններից։ Քառօրյա պատերազմի ժամանակ եւ դրան հաջորդած օրերին գրեթե բոլորը նույն բանն էին պնդում՝ բանակը փայլուն կատարեց իր առջեւ դրված խնդիրը, իսկ ահա պետական մյուս կառույցներն ու առաջին հերթին արտգործնախարարությունը իրենց խայտառակ վատ դրսեւորեցին։ Եվ ի՞նչ։ Անցնում է ընդամենը քսան օր, եւ Սերժ Սարգսյանը մի քանի կադրային փոփոխություններ է իրականացնում, բայց՝ միայն բանակում։ Իսկ արտգործնախարարությունում՝ ոչ մի փոփոխություն։ Կարող էր, չէ՞, ասենք՝ արտգործնախարարին պաշտոնանկ անել, կամ՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանին փոխել (չեք մոռացել, չէ՞, որ մենք այնտեղ դեսպան ունենք) եւ այլն։ Բայց՝ չէ. մեղավորները, պարզվում է, միայն բանակում են։

Ընդ որում՝ պաշտոնանկությունների ցանկն էլ է շատ հետաքրքիր։ Աշխատանքից ազատվում են հետախուզության գլխավոր վարչության պետը, կապի զորքերի պետը եւ պաշտպանության նախարարի «թիկունքի գծով» տեղակալը, իսկ սպառազինության գծով տեղակալն, օրինակ, մնում է տեղում։ Հասկացա՞ք «մեսիջը»։ Իբր՝ բանակի սպառազինության հարցում պրոբլեմ չենք ունեցել, պրոբլեմ ունեցել ենք հետախուզության, կապի եւ նյութատեխնիկական ապահովման հարցերում։

Իսկ ինչո՞ւ է հենց այդպիսի «մեսիջ» հղվում։ Որովհետեւ բանակի սպառազինության համար պատասխանատու են առաջին հերթին երկրի քաղաքական իշխանությունները՝ նախագահից սկսած (հո գեներալներն իրենք չե՞ն որոշում, թե որ երկրից եւ ինչ գնով զենք գնեն), իսկ մյուս հարցերի համար պատասխանատու է հենց բանակի հրամանատարական կազմը։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930