Թուրքիայի նախագահ Ռեփեջ Թայիփ Էրդողանի պատվիրակության հետ Բաքու ժամանած այդ երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, պատասխանել է լրագրողների հարցերին, որի ընթացքում կրկին անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահը»։
Չավուշօղլուն, անդրադառնալով ԼՂՀ հակամարտությանը, մասնավորապես ասել է. «Ադրբեջանի բռնազավթված տարածքների համար պատասխանատու անձանցից դրական, խաղաղ լուծում սպասելը ավելորդ լավատեսություն կլինի։ Հայաստանը խախտել է հրադադարի ռեժիմը, որովհետև կողմնակից չէ քաղաքական լուծմանը»։
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Չավուշօղլուն քննադատել է նաև Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի արած հայտարարությունները. «Այդպիսի պնդումները մենք անհիմն ենք համարում։ Այս թեմայով Թուրքիայի դիրքորոշումը հստակ է. ո՞վ է խախտել հրադադարը՝ Հայաստանը։ Ի՞նչ է, Թուրքիայի Հանրապետությունը զանգահարել է Հայաստանին և ասել հարձակվեք Ադրբեջանի վրա՞։ Պնդումը պետք է լրջություն ունենա»։
Հիշեցնենք, որ ՌԴ կառավարության ղեկավարը չէր բացառել, որ Ղարաբաղյան վերջին լարվածությունների պատճառ կարող էր լինել Թուրքիայի գործոնը։
Կարդացեք նաև