Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Վե՛րջ հեքիաթներին

Ապրիլ 27,2016 10:08

Երբ մարդը որեւէ խնդիր ունի, բայց չգիտի, թե ինչպես կարելի է այդ խնդիրը լուծել (ավելի ճիշտ՝ բավականաչափ կամք չունի՝ այդ ուղղությամբ մտածելու), նա փորձում է իր ուշադրությունը շեղել՝ ինչ-որ «հաճույքներ» ստանալով: Օրինակ՝ երիտասարդը, որը զրկվել է աշխատանքից, սկսում է շատ ուտել կամ խմել, կամ ծխել: Դա, իհարկե, բացարձակապես չի լուծում նրա խնդիրը, հակառակը՝ ինչ-որ տեղ խորացնում է, որովհետեւ այդ անձնավորությունը սկսում է ինքն իրեն ավելի քիչ հարգել՝ ընկղմվելով շատակերության կամ ալկոհոլիզմի մեջ: Ի դեպ, դա կարող է նաեւ «հաճույք» չլինել՝ դեռահասը կարող է փախչել ընտանեկան խնդիրներից՝ ինքն իր մարմինը ծակծկելով որեւէ սուր առարկայով: Կամ կարող է ընդհանրապես ինչ-որ մի հիմարություն լինել՝ այդպես մեծահարուստն իր անպետքությունն ու հոգու տկարությունը փորձում է փոխհատուցել ոսկե զուգարանակոնքով: Խնդիրներից փախչելու ձեւերը տարբեր են, մեխանիզմը նույնն է:
Այնուհետեւ գալիս է հաջորդ՝ ավելի վտանգավոր փուլը: Տրվելով իբր «սփոփիչ», իսկ իրականում ինքնաքայքայիչ սովորություններին՝ մարդը ստեղծում է իր պատրանքային «ես»-ը եւ գալիս է այն կեղծ համոզման, թե այդ սովորություններն իր բնավորության անբաժանելի մասն են: Նա սկսում է իր մասին մտածել՝ «ես շատակեր եմ», «ես հարբեցող եմ», «ես մազոխիստ եմ», «ես ագահ եմ»: Ստեղծելով իր մասին այդ առասպելը՝ նա ներփակվում է սեփական «հոգեւոր բանտի» մեջ՝ կտրականապես մերժելով իրական կյանքի հետ շփումը:

Նույնը կատարվում է մարդկանց խմբերի, նաեւ՝ ազգերի հետ: Ինչ-ինչ օբյեկտիվ, պատմական հանգամանքներից ելնելով՝ մենք հաճախ, նաեւ 20-րդ դարում, մտնում էինք մեր պատյանի մեջ՝ «մենք բազմաչարչար ազգ ենք», «մենք իրար քցող ենք», «մենք իրար թիկունքի չենք կանգնում», «անկարգապահ ենք»: Դա էլ մեր պատրանքային «ես»-ն էր: Մենք, այսպիսով, ինքներս մեր մասին ստեր էինք տարածում՝ արդարացնելու համար այն ամոթալի փաստը, որ մենք 25 տարում չենք կարողացել պետություն կառուցել:
Բայց ժամանակները փոխվել են, եւ այդ 25 տարում մեծացել է նոր սերունդ, որը պատրաստ է առերեսվել իրականության հետ, եւ որը ոչ թե խոսքով, այլ գործով է հերքում այդ՝ մեր հնարած կարծրատիպերը: Նրանց վարքը թե՛ ռազմաճակատում եւ թե՛ Երեւանում, այդ թվում (մի զարմացեք) Բաղրամյան պողոտայում հետեւյալ ուղերձն է պարունակում՝ «վե՛րջ հեքիաթներին, դուրս ենք գալիս մեր վատ սովորությունների պատյաններից, չենք վախենում իրական խնդիրներից»:

Մեր քաղաքական վերնախավը եւ առաջին հերթին, իհարկե, իշխանությունը բավականաչափ զգայուն եւ ճկուն չեն՝ հասկանալու համար, որ իրավիճակը կտրուկ փոխվել է՝ նրանք դեռեւս շարունակում են ապրել մանր, «նախապատերազմյան» կրքերով: Ավելի վատ նրանց համար:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    «վե՛րջ հեքիաթներին, դուրս ենք գալիս մեր վատ սովորությունների պատյաններից, չենք վախենում իրական խնդիրներից»
    Այլ խոսքեր չկան.
    Բռա՛վո

  2. մարի says:

    Պարոն Աբրահամյան մի պահ Առավոտում լրագրողի դասընթացներ պետք է կազմակերպվեր չէիք ասի խնդրեմ մոտ ապագաում կլինեն նման դասընթացներ։
    նախապես շնորհակալ եմ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930