Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն հաշվի չէր առել, որ իր կեղտոտ պլանի դեմ դուրս կգան 18-19 տարեկան երիտասարդ տղաներ»

Ապրիլ 27,2016 15:30

«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանի խոսքով` այն, ինչ տեղի ունեցավ ապրիլյան օրերին, առանց որեւէ կասկածի ապացուցում է ՌԴ-ի ընդգրկվածությունը Ադրբեջանի կողմից վարվող ռազմական ագրեսիային:

– Պարոն Օհանջանյան, նախ` ինչպե՞ս ընդունեցին Ղարաբաղում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեւանյան այցի ընթացքում արված հայտարարությունները, Ադրբեջանի հետ քաղաքական երկխոսության հնարավորություն տեսնո՞ւմ եք ապրիլյան պատերազմից հետո, որի մասին խոսում էր Լավրովը:

– 4-5-օրյա պատերազմը դարձավ ոչ միայն մեր ազգի գոյատեւման թեստ, այլ նաեւ ղարաբաղցիների եւ ողջ հայության տրամադրության ինդիկատոր: Այս կոնտեքստում տեղի ունեցան լուրջ առաջխաղացումներ ինչպես հայերի ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի դերի գնահատման, այնպես էլ միջազգային միջկառավարական կազմակերպությունների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի անկողմնակալ կարգավորման գործում: Լեռնային Ղարաբաղը միշտ իր համակրանքն էր ցուցաբերում Ռուսաստանի եւ ողջ ռուսականի հանդեպ` պատմական պատճառներից ելնելով: Բայց այն ամենը, ինչ տեղի ունեցավ այս ապրիլյան օրերին եւ այդ իրադարձություններին նախորդող տարիներին, առանց որեւէ կասկածի ապացուցում է Ռուսաստանի ընդգրկվածությունը Ադրբեջանի կողմից վարվող ռազմական ագրեսիային:

Ես եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը կարծում ենք, որ այս 5 օրերին ադրբեջանական դրոշի տակ անկախ Լեռնային Ղարաբաղի դեմ վարած պատերազմում հանդես է եկել ագրեսորների միջազգային կոալիցիան` ներառյալ Ադրբեջանը, Թուրքիան, Իսրայելը եւ Ռուսաստանը: Հակամարտության կողմերին վաճառելով մահացու զենք` նրանք կոպտորեն խախտել են միջազգային իրավունքը, հետեւաբար այդ պետությունները հանդիսանում են Ադրբեջանի հանցակիցը ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի դեմ վարվող ռազմական ագրեսիայի գործում:

Արցախի հանրապետական կուսակցության համանախագահ, մարդու իրավունքների բնագավառում միջազգային մրցանակների դափնեկիր, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի` ԼՂՀ կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը

Արցախի հանրապետական կուսակցության համանախագահ, մարդու իրավունքների բնագավառում միջազգային մրցանակների դափնեկիր, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի` ԼՂՀ կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը

Իսկ ինչ վերաբերում է Լավրովի` քաղաքական երկխոսության վերականգնման հայտարարությանը, կարծում եմ, որ ԼՂ-ի եւ Հայաստանի ղեկավարությունը կարող է երկխոսություն վարել Ադրբեջանի հետ միայն Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման կոնտեքստում: Այդ կոնտեքստում հարկ է նշել ՀՀ ԱԳՆ-ի ապաշնորհ ղեկավարությանը` Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, որը տապալել է ոչ միայն ամբողջ քաղաքական գործընթացը, այլ նաեւ չկարողացավ կազմակերպել միջազգային աջակցություն միջազգային ագրեսիայի դեմ` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից վարվող պայքարի համար: ՀՀ նախագահը, ելնելով Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ ամբողջ հայության շահերից, պետք է անհապաղ ազատի Էդվարդ Նալբանդյանին եւ Սեյրան Օհանյանին զբաղեցրած պաշտոններից, ովքեր տապալել են փառավոր հայկական բանակը, ինչպես նաեւ նրանց հետ միասին` ռազմական գերատեսչության ամբողջ կաշառակեր ղեկավարությանը:

– Բազմիցս նշվել է, որ Ռուսաստանը խախտել է ռազմական բալանսը մեր տարածաշրջանում, եւ Ադրբեջանը 5 միլիարդ դոլարի ռուսական սպառազինություն ստանալով Ռուսաստանից՝ ավելի լկտիացավ: Այսօր էլ Ադրբեջանն ինտենսիվորեն խախտում է հրադադարի պայմանավորվածությունը: Ձեր կարծիքով, այսինքն՝ Ռուսաստա՞նն է դրդել, Ադրբեջանը ՌԴ-ի համաձայնությա՞մբ է պատերազմ սանձազերծել:

– Եթե նայենք Ադրբեջանի կողմից մահացու զենքի ձեռք բերման աշխարհագրությանը, ապա կտեսնենք, որ այն հիմնականում կենտրոնացված է մի քանի խոշոր մատակարարների վրա, որոնցից ամենախոշորը Ռուսաստանն է: Ռազմական մատակարարումը մեդալի մի կողմն է: Մյուս կողմը քաղաքականն է: Այստեղ տեղի է ունենում տարօրինակ կերպարանափոխություն: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման քաղաքական կոնտեքստում ԱՄՆ-ը եւ տարածաշրջանային մյուս տերությունները հետաքրքրված չեն` բացառությամբ Թուրքիայի, Չինաստանի եւ հիմնախնդրի մասնակիցների: Բայց ամենամեծ ակտիվությունը ցուցաբերում է Ռուսաստանը, որպեսզի թույլ չտա կարգավորել հիմնախնդիրը, քանի որ հիմնախնդրի կարգավորման դեպքում նա դուրս կմնա ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանից, այլ նաեւ կզրկվի ամենատարբեր տնտեսական ծրագրերի իրականացումից: Դա բացահայտ դարձավ, երբ Իրանից հանեցին միջազգային պատժամիջոցները, եւ միջազգային հանրության կողմից Իրանի հանդեպ ցուցաբերվեց հետաքրքրություն: Ադրբեջանի դերը, որպես տրանզիտ պետության, շատ մեծ է: Միջազգային խաղացողներին անհրաժեշտ է Ադրբեջանի լոյալությունը` տարբեր ծրագրերի իրականացման համար:

Դա հասկանում են նաեւ Մոսկվայում: Որպեսզի Ադրբեջանը նրանց կողքին կանգնի, անհրաժեշտ էր Ադրբեջանին ցույց տալ իրենց պատրաստակամությունը՝ որպես գործընկեր դիտարկելու հարցում: Իսկ այդպիսի գործընկերության ամենալավ ցուցադրումը պատերազմ սկսելուն հավանություն տալն էր:

Ռուսաստանը շատ լավ հասկանում էր նման ագրեսիայի հետեւանքները եւ այդ պատճառով էլ թույլ տվեց սկսել իր իսկ կողմից ղեկավարվող պատերազմը: Հնարավոր սցենարը ենթադրում էր Ղարաբաղին պատկանող մեկ կամ երկու շրջանների գրավում, իսկ հետո Ռուսաստանը միջամտում է, դադարեցնում է պատերազմը եւ մտցնում խաղաղապահ զորքեր: Եվ այդ ամենը կատարվում է պլանավորած սցենարով: Եվ երկար ժամանակներ մեր ժողովուրդը կհայտնվեր Ռուսաստանի լծի տակ: Ռուսաստանը մի բան հաշվի չէր առել, որ իր կեղտոտ պլանի դեմ դուրս կգան 18-19 տարեկան երիտասարդ տղաներ, ովքեր իրենց հայրենիքը պատրաստ են պաշտպանել անգամ դատարկ ձեռքերով:

Մենք պետք է լուրջ դասեր քաղենք այս չավարտված պատերազմից: Մենք պետք է միայն մեզ վրա հույս դնենք, պայքարենք հայկական հասարակությունը ուտող կաշառակերության դեմ, հաստատենք ժողովրդավարություն եւ տնտեսության ազատականացում: Եվ ամենակարեւորը՝ օգտագործենք մեր ազգի տաղանդը եւ ստեղծենք տեխնիկական համակարգ, որը կհակազդի Ադրբեջանին եւ նրա միջազգային աջակիցներին: Մենք պետք է մեր հարաբերությունները կառուցենք մնացած աշխարհի հետ` արժանապատվությամբ, մեր նախնիներին բնորոշ սկզբունքներով: Այս կոնտեքստում անհրաժեշտ է, որ Հայաստանի Ազգային ժողովը օրենք ընդունի, որը Ռուսաստանին կարգելի օգտագործել Հայաստանի ռազմական բազաներում տեղակայված իր զինված ուժերը երրորդ պետությունների դեմ: Դա մեր սուվերեն իրավունքն է` պաշտպանել մեր հայրենիքը:

– Շատ է խոսվում, որ միջազգային հանրության արձագանքը համահունչ չէ ստեղծված իրավիճակին, Ադրբեջանը, որպես պատերազմ սանձազերծած կողմ, արժանի քննադատության չի ենթարկվում: Ի՞նչ պետք է անել, որպեսզի միջազգային հանրությունը Ադրբեջանի նկատմամբ ավելի կոշտ կեցվածք որդեգրի: Ձեր կարծիքով՝ ընդհանրապես որտե՞ղ է հայկական կողմը թերացել եւ ի՞նչ կարելի էր անել, որը չի արվել այս 20 տարիների ընթացքում ընդհանրապես:

– Առաջին հերթին խաղաղության այս 20 տարիների ընթացքում անհրաժեշտ էր սկսել մեր երկու հանրապետությունների տնտեսությունների ազատականացումից, ինչը թույլ կտար մեզ սեփական միջոցներով տեխնիկապես զինել մեր բանակը: Տոտալ կաշառակերությունը, որը տիրում էր հայկական բանակում, դեն նետեց մեր ազգի իսկական հայրենասերների բոլոր նոր գիտատեխնիկական գաղափարները, որն էլ հանգեցրեց մեր տարածաշրջանի ամենամարտունակ բանակի որոշակի թուլացման: Հայկական բանակի գլխավոր հրամանատարը պետք է կիսի մեղքի բաժինը ստեղծված իրավիճակի համար: Կրկնեմ՝ պատասխանատվությունը պետք է լինի ամենախստագույնը բոլոր պաշտոնատար անձանց նկատմամբ: Մենք այսօր պետք է համալիր դիտարկենք Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զարգացումը` հաշվի առնելով մշտական ռազմական վտանգը:

Անկասկած, 20 տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հայկական դիվանագետները մասնակցել են դիվանագիտական գործընթացին՝ փորձելով պահպանել ստատուս քվոն, եւ չէին դիտարկում կարգավորման իրական տարբերակներ եւ ԼՂՀ միջազգային ճանաչումը: Այն, որ հայկական դիվանագիտությունը ռազմական ագրեսիայի պայմաններում չի կարողանում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի փաստին հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, հակազդել ագրեսորին եւ հայրենիքի պաշտպանին հավասարեցնելու փորձերին` դա Հայաստանի ԱԳՆ-ի գործունեության տապալման ապացույցն է:

Տեղի ունեցավ ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ զինված բռնություն: Միջազգային իրավունքի համաձայն` դիվանագետները պետք է մոբիլիզացնեին ամբողջ իրենց ռեսուրսները ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի սկզբից: Քանի որ միջազգային իրավունքի համաձայն` խաղաղ բնակչության դեմ զինված ագրեսիայի դեպքում միջազգային հանրությունը պարտավոր է սկսել ինքնահռչակ պետության ճանաչման գործընթացը: Ներկայումս միջազգային միջկառավարական կառույցների եւ այլ պետությունների կողմից ԼՂՀ ճանաչման բացակայությունը հենց բռնություն է միջազգային իրավունքի հանդեպ: Հենց այդպիսի պայմաններում միջազգային հանրությունը սկսեց Կոսովոյի ճանաչումը: Եվ նման իրավիճակում միջազգային հանրությունը անտեսում է ԼՂՀ ճանաչումը: Այս գործում, իհարկե, Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած գերատեսչության մեղքն է եւ ոչ կոմպետենտ լինելը:

– Պարոն Օհանջանյան, քառօրյա պատերազմից հետո այժմ ավելի է կարեւորվում ԼՂՀ-ի` բանակցություններին վերադառնալու պարտադիր պայմանը, եթե, իհարկե, բանակցությունները մոտ ապագայում հնարավոր լինի վերսկսել, եւ ԼՂ ճանաչումը: Ո՞ր ուղղությամբ պետք է հայկական կողմը աշխատանք տանի:

– Այսօր արդեն պարզ է, որ ցանկացած բանակցություն պետք է վարվի ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայաստանը պետք է հրաժարվի բանակցությունների վարման այն ֆորմատներից, որտեղ բացակայում է ԼՂՀ ներկայացուցչությունը: Առանց ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության ոչ մի բանակցություն չի կարող տեղի ունենալ՝ լինի դա ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով կամ ինչպես ամերիկացիներն են սկսել քննարկել՝ ՄԱԿ-ի ֆորմատով: Մեզ համար պարզ է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է լուծի իր ճակատագիրը, այլ ոչ թե ՀՀ ԱԳՆ-ն: ՀՀ ԱԳՆ-ն պետք է նպաստի այդ գաղափարախոսության առաջ մղմանը, ինչը ի սկզբանե փորձում էր անել Հայաստանի առաջին նախագահի գրասենյակը:

Հայաստանը պետք է մեթոդական, նյութական եւ մարդկային ռեսուրսներով աջակցի ԼՂՀ ներկայացուցիչներին` վարել հաջող բանակցություններ ցանկացած ֆորմատում` միաժամանակ մնալով որպես շահագրգիռ կողմ: Ուզում եմ հստակ լինի բոլորի համար, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, տարածքների հանձնման մասին խոսք լինել չի կարող: Ընդհակառակը՝ մեր դիվանագետների առաջ դրված է հայկական կողմի կորցրած տարածքների վերադարձման խնդիր: Եվ այս կոնտեքստում Լեռնային Ղարաբաղը ունի ամբողջ հայության աջակցության կարիքը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ամբողջ հայության ռեւանշն է եւ դրա հետ միասին՝ ամբողջ հայության հույսը:

– Ի՞նչ տրամադրություններ են այսօր Ղարաբաղում հասարակության շրջանում, իշխանություններն ի՞նչ աշխատանքներ են տանում: Մեծ աջակցություն է ցուցաբերվում Արցախին, հավաքվող գումարները նպատակի՞ն են ծառայում:

– Տեղի ունեցավ հասարակական-քաղաքական փոխհարաբերությունների զարմանալի տրանսֆորմացիա` ժողովրդի եւ իշխանության աննախադեպ համախմբումը պաշտպանեց Լեռնային Ղարաբաղը եւ ջախջախիչ վնաս հասցրեց Ադրբեջանին: Ժողովուրդը ամենաակտիվ մասնակցությունն է ցուցաբերում պետության ղեկավարման գործում: Մեկ հարթակի վրա հայտնվեցին նախագահը, վարչապետը, զինվորը եւ քաղաքացին: Բոլորը աշխատում են, որպեսզի ուժեղացնեն երկիրը` միաժամանակ փորձելով լինել թափանցիկ եւ հասանելի:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր հայերին, ովքեր շարունակում են Լեռնային Ղարաբաղին ցուցաբերել ֆինանսական, նյութական եւ մարդկային ռեսուրսներով աջակցություն: Ստացված աջակցության մասին տեղեկատվությունը ամեն օր հրապարակվում է ԼՂՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում: Ավելին` ԼՂՀ կառավարությունը հրավիրել է հանրությանը հսկողություն իրականացնել բոլոր ծախսերի վրա: Կարող եմ ասել, որ ես այն մարդկանցից մեկն եմ, ով վարում է այդ հասարակական վերահսկողությունը, եւ չեմ կարող իմ բավարարվածությունը չհայտնել այդ ամենի հանդեպ:

Միաժամանակ ուզում եմ նշել, որ պատերազմը վեր հանեց շատ խնդիրներ, որոնք մենք բոլորս միասին պետք է լուծենք: Ակնհայտ է` միասին մենք անհաղթելի ենք:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930