Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջութակահարը՝ երաժշտության մեջ չափը չանցնելու մասին

Ապրիլ 27,2016 14:30

Ըստ Փարիզի Ազգային կոնսերվատորիայի պրոֆեսոր Հրաչյա Հարությունյանի, եթե եվրոպացին պետք է մտածի գործը ավելի զգացմունքային կատարելու, ապա հայերը՝ զգացմունքները կառավարելու մասին:

Երաժիշտ-կատարողների Գյումրիի «Վերածնունդ» միջազգային փառատոնի առիթով այս օրերին Հայաստանում էր ֆրանսաբնակ ճանաչված ջութակահար, Փարիզի Ազգային կոնսերվատորիայի պրոֆեսոր Հրաչյա Հարությունյանը: Երաժիշտ, որը Փարիզի ազգային կոնսերվատորիայի պարտադիր ծրագրում ներմուծել է նաեւ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները եւ աշխատում է իր մեթոդներով:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Հարությունյանը գոհունակությամբ խոսեց Գյումրիի «Վերածնունդ» փառատոնի մասին, որի ժյուրիի կազմում էր, նրան դուր էր եկել փառատոնի խորագիրը՝ «Արվեստն ընդդեմ պատերազմների եւ ահաբեկչության»: Երաժիշտն ասաց, որ դժվարությամբ է թողել դասերը Փարիզի երկու երաժշտական հաստատություններում, որտեղ հիմա նրան փոխարինում է Փարիզի ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահար Դավիթ Հարությունյանը: Մյուս կողմից էլ՝ ուրախ է, որ Գյումրիում հանդիպել է բազմաթիվ շնորհալի երիտասարդների, որոնց համար մեծ ապագա է կանխորոշում:

Հրաչյա Հարությունյանը երիտասարդ երաժիշտներին խորհուրդ է տալիս աշխատել ջանադրաբար եւ լինել հնարավորինս հետեւողական: Նաեւ հավելում է. «Մենք Արեւելքի ազգ ենք, կատարումն էլ միջանկյալ կապ է կոմպոզիտորի մտահղացումների եւ հանդիսատեսի միջեւ: Ստեղծագործությունը կատարելու համար երաժիշտը պետք է զգացմունքային լինի, իսկ հայերը շա՛տ զգացմունքային են: Եթե եվրոպացին պետք է մտածի գործը ավելի զգացմունքային կատարելու, ապա հայերը՝ զգացմունքները կառավարելու մասին: Մի խոսքով, Արեւելքում զգացմունքայնությունն է հորդում, Արեւմուտքում գիտակցությունն է ուժեղ: Երկու դեպքում էլ չպետք է չափն անցնել, դա շատ կարեւոր է, հետո նոր գալիս են մնացած բաները՝ ոճը, ժամանակի, կոմպոզիտորի առանձնահատկությունները եւ այլն»:

Մեր զրուցակիցը հպարտ է, որ աշակերտել է 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից մեկին՝ Լեոնիդ Կոգանին: Ասում է՝ նրա հետ ամեն հանդիպումը տոն էր: «Կոգանը նույնիսկ ցանկացավ, որ դառնամ իր երկրորդ ասիստենտը, բայց ընտանեկան պատճառներով ես ստիպված էի մնալ Երեւանում, Կոմիտասի անվան կոնսերվատորիայում հասա մինչեւ ամբիոնի վարիչի աստիճանի: Հետո տղաս «դրսում» ընդունվեց, ու քանի որ միայնակ էր Ֆրանսիայում, ընտանիքով տեղափոխվեցինք»,- նշում է ջութակահարը:

Հիշում է, որ Ղարաբաղյան շարժման տարիներին ինքն առաջին խմբում էր Հայաստանի այն արտիստների, որոնք մեկնեցին Ղարաբաղ: 1987-ին էլ Մոսկվայի կազմակերպած Բաքվի համերգում է հանդես եկել՝ Բաքվի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ ու հատուկ ընտրել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտը: Ասում է՝ կիսախառն ժամանակներ էին, բայց չէր կարող հակառակվել ու ստիպված մասնակցել է: Ինքը ամենաշատ հրավիրվող երաժիշտներից էր, շրջել էր ողջ ԽՍՀՄ-ի տարածքով մեկ՝ Սախալինից մինչեւ Մերձբալթյան Հանրապետություններ, սակայն մինչեւ 1988թ. չէր եղել Արցախում: Նրա հավաստմամբ, ադրբեջանցիներն ամեն ինչ անում էին, որ որեւէ հայ արվեստագետ չմտնի Ստեփանակերտ:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ հայ երաժիշտների առանձնահատկությանը, Հրաչյա Հարությունյանը փաստեց, որ, օրինակ, 20-րդ դարի անվանի ջութակահար-մեթոդիստ Հովհաննես Գալամյանին առայսօր հիշում են ոչ միայն Եվրոպայում, այլեւ Ճապոնիայում: Ի դեպ, Գալամյանի մոտ են աշակերտել աշխարհահռչակ ջութակահարները, այդ թվում՝ Պերլմանը, Ցուկերմանը, Կյունգ վա Չունգը, աշխարհի ամենալուրջ խմբագրությունն էլ՝ մեծագույն կոմպոզիտորների գործերի, հենց Գալամյանինն է:

Հրաչյա Հարությունյանը եւս կարծում է, որ Հայաստանի նման փոքր երկրի համար աշխարհին ներկայանալու լավագույն այցեքարտը մշակույթն է, հատկապես երաժշտությունը, հիշում է, որ Խորհրդային տարիներին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ԽՍՀՄ-ում երրորդն էր կադրերով ու հեղինակությամբ, ափսոսում է, որ դիրքերը մի քիչ զիջել է:
Երաժշտի մեծագույն ցանկությունն է, որ Հայաստանն այնպես ուշքի գա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, ինչպես Փարիզը՝ հայտնի ահաբեկչությունից հետո, ասում է՝ պետք է ձգվել, շարունակել արարել ու արժանապատվորեն ներկայանալ աշխարհին:
Խոսելով Հայաստանում շնորհվող կոչումների մասին, երաժիշտը իր օրինակը բերեց. «Ես 46 տարեկանում եմ Հայաստանից գնացել, բավականին հայտնի ջութակահար էի, աշխարհով մեկ համերգներ էի ունեցել, սական չունեի մոտիկ-բարեկամ ղեկավարության շրջանում, որ ինձ կոչում շնորհեին: Տարիներ շարունակ ծանոթներս կոչումներ էին ստանում, ես՝ ոչ, մինչդեռ այն ժամանակ, պատկերավոր ասած՝ արդուկն էլ միացնեին, ես էի նվագում: Վերջում, երբ ԽՍՀՄ-ը փլուզվում էր, առաջարկեցին, որ կոչում շնորհեն, արդեն ես չուզեցի: Զավեշտականն այն էր, որ երբ խումբ էր գնում արտասահման՝ երկիր ներկայացնելու, ինձ էին ուղարկում, ոչ թե կոչումավորներին: Ես էլ փաստորեն աշխարհը ման եկա՝ առանց վաստակավորության ու շատ էլ գոհ եմ»:

 
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի:

 

«Առավոտ» օրաթերթ
26.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930