Մշակութային ոլորտներում, անկախ մասշտաբներից, բոլոր ժամանակներում ունեցել ենք գլուխգործոցներ: Օրինակ՝ երգարվեստում. 1988թ. դեկտեմբերի 7-ի Հայաստանում ավերիչ երկրաշարժի տուժածներին օգնելու նպատակով ընդամենը 1-2 օր անց մեր հայրենակիցներ Ժորժ Կառվարենցը եւ Շառլ Ազնավուրն առաջին անգամ ֆրանսիացի 87 աստղերի մասնակցությամբ հեռուստատեսությամբ հնչեցրին «Քեզ համար Հայաստան» երգը, որը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ 10 շաբաթվա ընթացքում գրավելով սինգլների SNEP աղյուսակի առաջին հորիզոնականը: Իմիջիայլոց, երգը տեսահոլովակի է վերածել Անրի Վերնոյը: Տարբեր առիթներով մեր TV-ներն էլ անդրադառնում են այս երգին:
Ստեղծագործությունը մեկ այլ խորհուրդ ուներ, երբ ապրիլի 24-ին հնչեց «Ավրորա» մրցանակաբաշխության ավարտին՝ օպերային բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանի, «Հովեր» կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան) եւ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մեկնաբանությամբ: Հավելենք, որ մցանակաբաշխության գեղարվեստական մասի պատասխանատվությունը վստահված էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Գեւորգ Հակոբյանը փաստելով, որ «Ավրորա» մրցանակը այսուհետ կշնորհվի Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայերիս, ասաց. «Այս մրցանակը ստեղծվել է մարդկության ուշադրությունը եւս մեկ անգամ ուղղելու աշխարհում տեղի ունեցող ոճրագործություններին ու ցեղասպանություններին: Այն խրախուսելու է հերոսներին, որոնք մարդկային կյանքեր են փրկում: Օրինակ՝ մրցանակի արժանացած ազգությամբ թութսի Մարգարիտ Բարանկիցեն հենց պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու իր 70 հարեւաններին, որոնց գտնելով՝ սպանել են: Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին ու երեխաներին խնամելու գործին, փրկելով ընդհանուր առմամբ 30 հազար երեխայի: 2008-ին էլ հիվանդանոց է հիմնել, որտեղ մինչ օրս օգնություն է ստացել 80 հազար մարդ»: Հարցրինք, թե Շառլ Ազնավուրը ելույթից հետո ի՞նչ կարծիք է հայտնել այս ձեւաչափով առաջին անգամ կատարվող իր «Քեզ համար Հայաստան» երգի վերաբերյալ, Գեւորգ Հակոբյանը տեղեկացրեց, որ Ազնավուրը խնդրել է իր հիացմունքը փոխանցել կատարողներին:
Կարդացեք նաև
«Առավոտի» հետ զրուցած արվեստագետները առանձնացրին մրցանակաբաշխության ժամանակ Ռուդոլֆ Խառատյանի նարեկացիական ասմունքով ու խորեոգրաֆիայով՝ Բաբաջանյանի, Տերտերյանի երաժշտությամբ բեմադրած բալետային համարի, օպերային դիվա Հասմիկ Պապյանի՝ Բ. Կանաչյանի «Օրորի» եւ Երիտասարդական նվագախմբի մեկնաբանմամբ Միրզոյանի «Զանգերով սիմֆոնիայի» բարձրակարգ կատարումները: Իսկ մրցանակաբաշխության ռեժիսուրան իրականացրել էր Յուրմալայում անցկացվող «Նովայա վոլնա» երիտասարդ երգիչների մրցույթի ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինը:
Ապրիլի 24-ի աշխարհում կայացած տարբեր միջոցառումներին հետեւելիս մեր ուշադրությունը գրավեց նաեւ ռուսաստանյան PTP TV-ով հեռարձակվող «Պարեր աստղերի հետ» շոուի վարող Գարիկ Մարտիրոսյանի խոսքը: Նա ընդմիջելով շոուն՝ հիշեցրեց ապրիլի 24-ի խորհուրդը հայ ժողովրդի ու աշխարհի համար:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.04.2016