Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արհեստավարժը չպետք է մրցի ինքնագործի հետ». Հովհաննես Դիվանյան

Ապրիլ 26,2016 23:20

Հայ, հրեա և վրացի պատանիները ապրիլի 3­-29-­ը մասնակցում են «Ժողովուրդների բարեկամություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ­-փառատոնին, որն անցկացվում է երեք անվանակարգերով՝ «Պարարվեստ», «Երգեցողություն» և «Երգչախմբային արվեստ»:

«Մշակույթի նախարարությունը կարևորում է նմանատիպ միջոցառումների իրականացումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ևս մեկ անգամ համեմատելու մեր և այլ երկրների գեղարվեստական կրթության փորձն ու օգտակար հետևություններ անել: Բացի այդ, սա անգնահատելի հնարավորություն է մեր մասնակից պատանիների համար՝ կատարելագործելու իրենց մասնագիտական ունակությունները, հաստատելու ստեղծագործական նոր կապեր, ծանոթանալու միմյանց մշակույթին»,- «Առնո Բաբաջանյան» համերգասրահում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանը:

Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանի փոխանցմամբ՝ հայաստանյան նախընտրական փուլն անցկացվել է ապրիլի 3-­4-­ը Երևանում: Մասնակցել է 38 պարային համույթ, 10 մենակատար, 46 անհատ կատարող, 9 երգչախումբ և վոկալ համույթ: Հայաստանից եզրափակիչ փուլ անցել է 7 պարային համույթ, 5 մենակատար, 23 անհատ կատարող, 3 երգչախումբ և վոկալ համույթ:

«Մեր երեխաները մեծ պատրաստակամությամբ ու ոգևորությամբ մասնակցեցին մրցույթին: Նրանք տաղանդաշատ են, պատրաստված ու մրցունակ: Ոչնչով չեն զիջում իրենց այլազգի մրցակիցներին»,- հավելեց Նելլի Սարգսյանը:

Երևանի պարարվեստի պետական քոլեջի գեղարվեստական ղեկավար, «Պարարվեստ» անվանակարգի հանձնաժողովի անդամ Հովհաննես Դիվանյանի գնահատմամբ՝ լավ խմբեր ու մենակատարներ են մասնակցել, բայց եղել են նաև ելույթներ, որոնք, ըստ նրա, չպետք է լինեին. «Ժյուրիի անդամների հետ նշեցինք, որ մեղավորությունը ոչ թե երեխաներինը, այլ մանկավարժներինն է։ Երեխաներն անկեղծ պարում են, բայց մանկավարժը պետք է իմանա՝ ինչ պար է պարում, ինչ զգեստ է հագցնում, ինչ երաժշտություն է ընտրում… Կարծում եմ, որ արհեստավարժը չպետք է մրցի ինքնագործի հետ։ Դեմ չեմ, թող բոլորը պարեն, բայց եթե մրցույթ-փառատոն է կոչվում, ուրեմն մրցակցային բան կա այդտեղ, և պրոֆեսիոնալը պետք է պրոֆեսիոնալի հետ մրցի»,- ընդգծեց Հովհաննես Դիվանյանը։

Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող «Ժողովուրդների բարեկամություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ­-փառատոնը կազմակերպել են Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը (Հայաստան) և «Տերամեդիա» ՀԿ-­ն (Իսրայել)՝ Հայաստան­-Իսրայել­-Վրաստան մշակութային համագործակցության շրջանակում:

Մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկված են արվեստի ճանաչված գործիչներ Նորայր Մեհրաբյանը (Հայաստան), Հովհաննես Դիվանյանը (Հայաստան), Հովհաննես Խաչիկյանը (Հայաստան), Դավիթ Ղազարյանը (Հայաստան), Ելենա Բարսեղովան (Վրաստան), Յաէլ Գորոխովսկայան (Իսրայել), Սուսաննա Մարտիրոսյանը (Հայաստան), Կարինե Առաքելյանը (Հայաստան), Մհեր Մեսրոպյանը (Հայաստան), Մարիամ Աբուլաձեն (Վրաստան), Վլադի Բլայբերգը (Իսրայել), Նոդար Ռավիան (Վրաստան), Վիլլի Վայները (Հայաստան), Եկատերինա Եգորովան (Ուկրաինա):

Մրցույթ­-փառատոնի եզրափակիչ փուլը կկայանա ապրիլի 28-­ին Երևանի պարարվեստի պետական քոլեջում և Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: Նույն օրն էլ տեղի կունենա մրցույթ-­փառատոնի մրցանակաբաշխության արարողությունը: Իսկ գալա համերգը նախատեսված է ապրիլի 29­-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930