«Մենք գործ ունենք Երեւանում նախադեպը չունեցող հանցագործության հետ»,- կարծում է փաստաբանների պալատի փաստաբան Նորայր Նորիկյանը:
Ըստ նրա, դեռ վաղաժամ է խոսել՝ արդյոք կատարվածը ահաբեկչություն էր, թե՝ ոչ. «Քանի որ փորձաքննությունների արդյունքներից հետո նոր միայն հնարավորություն կլինի հանգել հետեւության՝ կար դիտավորությո՞ւն ավտոբուսը տրաքացնելու, թե ենթադրյալ անձը, որի նկատմամբ այսօր կասկածանք կա, ինքը պայթուցիչ սարքը տեղափոխում էր այլ նպատակների համար: Միայն փորձաքննության արդյունքներից հետո պարզ կլինի, թե արդյոք կատարվածը ահաբեկչական ակտ էր: Ես չեմ բացառում որեւէ վարկած»:
Պարոն Նորիկյանի համոզմամբ, պայթուցիկի տեսակը` «տրոտիլ» եւ ոչ բեկորային լինելը դեռ չի նշանակում, որ կատարվածը չի կարող ահաբեկչություն լինել. «Ահաբեկչության տարբեր տեսակներ ու որակներ կան: Ահաբեկչությունը գնահատելու համար պարտադիր չէ, որ ահաբեկչության գործիք հանդիսացող պայթուցիկները լինեն բեկորային, ահաբեկչություն կարելի է տարբեր գործիքակազմով իրականացնել:
Եթե սա ահաբեկչություն է, ապա մեզ համար այն պետք է ընդունենք որպես նոր մարտահրավեր, եւ իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները այս հանցագործության ամբողջական բացահայտման ուղղությամբ, իսկ եթե սա, ինչպես այս պահին է քննարկվում, ինչ-որ ազգականներին վնաս տալու նպատակով պայթուցիկ տեղափոխելու հետեւանքով առաջացած պայթյուն էր, ուրեմն քննչական կոմիտեն այս անգամ եւս պետք գնա գործի ամբողջական բացահայտման, որ հասարակությունը հստակ տեղեկացված լինի՝ ինչի հետեւանքով տեղի ունեցավ այդ պայթյունը»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ թիվ 63 համարի ավտոբուսը երեկ ժամը 21:45-ի սահմանում պայթել է Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Կա երկու զոհ եւ 8 տուժած:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ