Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Զինվորը պետք է հանգիստ լինի»

Ապրիլ 26,2016 22:07

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Լյուդմիլա Սարգսյանը գոհ է այն աշխատանքից, որ ապրիլյան քառօրյա պատերազմում արեցին պատկան մարմինները: Խոսքը վիրավոր զինծառայողներին, մարտի դաշտում տարբեր վնասվածքներ ստացած անձանց մատուցված պատշաճ բուժօգնության մասին է: Կառավարության նախավերջին նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարեց զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն եկամուտի աղբյուր ստեղծել՝ հնարավորինս սեղմ ժամկետում կառավարությանը ներկայացնելով  համապարփակ մի ծրագիր՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները:

Գործող օրենսդրությամբ, զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները գտնվում են պետական հոգածության ներքո, այդ թվում և առողջապահական: Զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները, կամ զոհված զինծառայողների ընտանիքի անդամները որոշակիորեն օգտվում են նաև անվճար բուժսպասարկումից՝ մի մասը ամբողջապես անվճար, մյուս մասը՝ պետության մասնակի մասնակցությամբ: Նշված խմբի անձինք ընդհանուր հիվանդանոցային փաթեթում, բացի նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով կիրառվող բժշկական օգնությունը (ստենդներ, պրոտեզներ, լազերային կամ ժամանակակից այլ մեթոդներով բուժում և այլն), մնացած բոլոր դեպքերում պետական պատվերի շրջանակում են բուժում ստանում: Ստենդավորման կամ պրոթեզավորման դեպքում էլ, պետության 50 տոկոս մասնակցությամբ: Զոհված զինծառայողի ընտանիքի անդամները հիվանդանոցային և թերապևտիկ  անվճար բուժում են ստանում, դժվարամատչելի հետազոտությունները ևս փոխհատուցվում են, այսինքն` դրանք էլ անվճար են, իսկ նորագույն ու թանկարժեք մի շարք ծառայություններ (օրինակ, սկլերոպլաստիկա, ստենտավորում և այլն), դեռ չեն փոխհատուցվում:

Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշիչում ընդգրկված գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժման (ներառյալ միկրո-կաթետերի, միկրոպարույրի կամ օնիքսի արժեքը), սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացման (ընդ որում, կորոնար անոթների ստենտավորման փոխհատուցումը ներառում է ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտի արժեքը), այդ թվում` սրտի փականների պրոթեզավորման, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիայի ծառայությունների մասով փոխհատուցումը  ՀՀ պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի համակարգի հրամանատարական և շարքային անձնակազմի զինծառայողների ընտանիքների անդամների, ինչպես նաև երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ համար կատարվում է  պետության մասնակցության չափով՝  ծառայության համար հաստատված գնի 50%-ի չափով (մինչև 18 տարեկան երեխաներին՝ ամբողջությամբ):

Ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշիչում ընդգրկված սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը, սկլեռոպլաստիկան և կեռատոպլաս-տիկան, մետաղական կոնստրուկցիաների արժեքը (վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ), լիթոտրիպսիան (հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ) ծառայությունների փոխհատուցումը կատարվում է ամբողջությամբ: Նշվածով փոխհատուցումը  ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների, այդ թվում՝ երկրապահ կամավորների համար ևս ամբողջությամբ է իրականացվում:

Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների, վարժական հավաքների կանչված զինապարտների ընտանիքի անդամներ համար ևս պետությունը ամբողջությամբ փոխհատուցում է հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների փոխհատուցումը հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում:

Այն, ինչ այսօր սոցիալական ոլորտում հատկացվում է նշյալ խմբի անձանց, Լյուդմիլա Սարգսյանը լավ, բայց ոչ բավարար է համարում: Համամիտ է, որ վերանայումների կարիք կա, սպասում է վարչապետի հանձնարարականի կատարմանը:

Տիկին Սարգսյանին ուրախացրել է, բանակին եւ զոհված զինծառայողների ընտանիքներին Սամվել Կարապետյանի ցուցաբերած օգնությունը, ուրախացրել է, որ Երեւանի քաղաքապետն է զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարիքները որոշել հոգալ. «Եթե կարող են մշակույթի եւ տարբեր հանրաճանաչ մարդկանց բնակարաններ նվիրել, որոնք դրա կարիքը խիստ արտահայտված չունեն, ապա զոհված զինծառայողների անապահով ընտանիքներին օգնելն ավելի կարեւոր է»:

Մեր զրուցակցին շատ ոգեւորում է  նաեւ հասարակության ակտիվությունը`քառօրյա պատերազմից հետո զոհված զինծառայողների ընտանիքներին եւ վիրավոր զինծառայողներին օգնելու հարցում: Ընդդիմադիր պատգամավորին, հուզում են նաեւ այսօր սահմաններում կանգնած զինվորների ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը: Կարծում է, որ կառավարությունն այս խնդիրը եւս պետք է քննարկի. «Որպեսզի մեր սահմանների պաշտպանությունն ամուր լինի, զինվորը պետք է հանգիստ լինի իր ընտանիքի համար: Չմոռանանք, որ մենք այսօր կանգնած ենք չդադարած պատերազմի շեմին, դա փաստում է նաեւ երկրի նախագահը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930