Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հունաստանում

Ապրիլ 26,2016 21:40

Ապրիլի 23-ին Աթենքի նահանգապետարանի և Նեա Զմիրնիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնաժողովը Էսթիա հրապարակում տեղադրված «Զանգակ» հուշարձանի մոտ կազմակերպել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն:

Միջոցառումն ընթացավ Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտների պատվո պահակախմբի ուղեկցությամբ: Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանի գլխավորությամբ Հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիները ներկայացնող հոգևոր հայրերը գոհաբանական աղոթք կատարեցին Ցեղասպանության 1.5 միլիոն սրբադասված զոհերի հիշատակին:

Ներկաներին ուղերձ հղեց Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը:

Հաջորդիվ ելույթներ ունեցան Ատտիկայի փոխմարզպետ Կապանդաիսը, Նեա Զմիրնիի քաղաքապետ Ստավրոս Ցուլակիսը, ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնախմբի անդամները: Արարողության ավարտին տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղում: Մեկ րոպե լռությամբ հարգվեց Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինվորների և քաղաքացիական անձանց հիշատակը:

Հրավիրյալների շարքում էին «ՍԻՐԻԶԱ» կուսակցության պատգամավոր, հունա-հայկական բարեկամական պատգամավորական խմբի ղեկավար Ստամատակին, Ատտիկայի մարզպետարանի, Նեա Զմիրնիի, տեղական ինքնակառավարման մարմինների և պոնտական, ասորական հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա էին Հունաստանի հայ համայնքի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հունահայկական առևտրաարդյունաբերական պալատի անդամներ:

Ավելի վաղ Աթենքի հայկական բոլոր եկեղեցիներում անց էին կացվել գոհաբանական արարողություններ:

Ապրիլի 17-ին Աթենքում և Սալոնիկում, իսկ ապրիլի 16-ին Ալեքսանդրուպոլիսում կայացան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի hիշատակի հիմնական միջոցառումները:

Աթենքյան միջոցառումը կազմակերպվել էր Ատտիկայի մարզպետարանի նախաձեռնությամբ Հայ դատի հանձնախմբի և դեսպանության համատեղ ջանքերով:

Սինտաղմայի «Պալլաս» թատերասրահում անցկացված հանդիսությանը ներկա էին Հունաստանի պետական-քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և անդամներ, ռազմական կցորդներ, զինվորականներ և այլոք:

Օրվա բանախոսը, հակիրճ անդրադարձ կատարելով Ցեղասպանության պատմական տվյալներին, ներկայացրեց Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված բնաջնջման քաղաքականության, հայկական հողերի հայաթափման ու ցեղասպանության շարունակական հետևանքների վրա: Նա նշեց, որ ներկայումս պայքարը ճանաչումից տեղափոխվում է պահանջատիրական հարթություն, որի առաջին քայլը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից թուրքական պետության դեմ ներկայացված հայտն է: Անդրադարձ եղավ նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին պատերազմական գործողություններին:

Հունական կողմից հանդես եկավ արտաքին գործերի փոխնախարար Յանիս Ամանաթիդիսը, ով դատապարտեց Հայոց ցեղասպանությունը՝ այն համարելով ոճրագործություն մարդկության դեմ, շեշտեց միացյալ ուժերով ցեղասպանությունների կանխարգելման և այդ չարիքի դեմ միասնական պայքար մղելու անհրաժեշտությունը։

Ներկաներին խոսք ուղղեց նաև Ատտիկեի փոխնահանգապետ Խրիսթոս Քափատայիսը: Նա նշեց, որ հայ և հույն ժողովուրդների եղբայրությունն ավելի է ամրապնդվում արդարության համար մղվող պայքարով: Այնուհետեւ ելույթով հանդես եկավ Հ.Յ.Դ. Հունաստանի Երիտասարդական Միության Կենտրոնական Վարչության ներկայացուցիչ Ռազմիկ Էրջէնյանը:

Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-ամյակին, որը տեղի էր ունեցել 1996թ. ապրիլի 25-ին: Ցուցադրվեցին հատվածներ հունական խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներից և քվեարկությունից:

Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր ելույթում կարևորեց ՀՀ և համայն հայության ջանքերը՝ ցեղասպանությունը` իբրև մարդկության դեմ հանցագործություն, կանխարգելելու գործում:

ՀՀ դեսպանը` 1996թ. Հունաստանի խորհրդարանի նախագահ Ապոստոլոս Կակլամանիսին, ընդդիմության ղեկավար և նախկին վարչապետ Անտոնիս Սամարասին պարգևատրեց ՀՀ Նախագահի կողմից շնորհված «Մխիթար Գոշ» մեդալով, իսկ ներկա խորհրդարանի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Կոստաս Դուզինասին հանձնեց ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալը:

Կարճ ելույթներ ունեցան նաև Անտոնիս Սամարասը, Ապոստոլոս Կակլամանիսը և Կոստաս Դուզինասը:

Այնուհետև կենտրոնական Սինտաղմա հրապարակում, պատվո պահակախմբի ներկայությամբ տեղի ունեցավ Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն` ՀՀ դեսպանության, Հունաստանի կառավարության, Հունաստանի խորհրդարանի, Ատտիկայի մարզպետարանի, Աթենքի քաղաքապետարանի, հունահայ համայնքի, պոնտոսցիների, Աթենքի հրեական համայնքի և Հունաստանի ասորիների միության կողմից:

Ապրիլի 17-ին Սալոնիկում քաղաքի կենտրոնական «Ի. Վելիդիս» դահլիճում կազմակերպվել էր Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ընթացքում Հայոց ցեղասպանության և թուրքական ժխտողականության դատապարտման վերաբերյալ ելույթներ ունեցան Մակեդոնիայի և Թրակիայի նախարար տիկին Մարիա Կոլյա-Ցարուխան, Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետ Ապոստոլու Ձիձիկոստան, Կիպրոսը ներկայացնող եվրոպատգամավոր դոկտոր Էլենի Թեոխարուսը: Միջոցառմանն ընթերցեց օրվա առիթով ՀՀ դեսպանի ուղերձը:

Այնուհետև տեղի ունեցավ քայլարշավ Սալոնիկի կենտրոնական պողոտայով դեպի Անհայտ զինվորի հուշարձանը: Պատվո պահակախմբի ներկայությամբ ՀՀ դեսպանության, հունական նահանգային և քաղաքային իշխանությունների, հունական 3-րդ բանակի հրամանատարության, Հունաստանի բանակի վետերանների և հայ համայնքային կազմակերպությունների կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Անհայտ զինվորի հուշարձանին:

Ապրիլին 16-ին Ալեքսանտրուպոլիսի «Էփիմելիթիրիո Էվրու» սրահում տեղի ունեցավ ցեղասպանութեան 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա էին Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետը, քաղաքապետարանի խորհրդի անդամներ, մարզպետարանի ներկայացուցիչներ, ՀՅԴ տեղական կոմիտեների անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շրջանի հայ և հույն հոգևոր հայրեր:

Ողջյունի խոսքով հանդես եկան Էվրոսի նահանգապետ պրն. Դիմիտրիոս Փեթրովիչը, «Սիրիզա» և «Նեա Դեմոկրատիա» կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ընթերցվեց Հունաստանում ՀՀ դեսպանի ուղերձը:

Միջոցառման հիմնական բանախոս Կիպրոսը ներկայացնող եվոպատգամավոր Էլենի Թեոխարուսը իր ելույթում դատապարտեց Թուրքիայի մերժողական կեցվածքը, հավելելով, որ արհամարհելով իր քաղաքացիների մարդկային իրավունքները՝ Թուրքիան չի կարող Եվրոպայի մաս կազմել: Իր ելույթում տիկին Թեոխարոսն անդրադարձավ նաև Արցախի իրավունքների խնդրին:

Միջոցառումից հետո ներկաները ծաղկեպսակներ զետեղեցին Սուրբ Կարապետ եկեղեցու բակում տեղադրված խաչքար հուշակոթողի առջև:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930