Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. «Պատվով դուրս կգանք»

Ապրիլ 26,2016 21:24

«Զոհված, վիրավոր եւ հաշմանդամ ազատամարտիկների հետ կապված օրենսդրական ողջ կարգավորումն ունենք: Հիմա, կառավարությունը քննարկում է խնդիրը: Կա երկու ճանապարհ`գումարների հետ կապված հարցը, որին գործող օրենսդրական դաշտով կարող ենք լուծում գտնել եւ եթե կավելանան այլ ծրագրեր, ասենք սոցիալական, կլինի օրենքի փոփոխություն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Կառավարության նախավերջին նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարեց զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն եկամուտի աղբյուր ստեղծել՝ հնարավորինս սեղմ ժամկետում կառավարությանը ներկայացնելով համապարփակ մի ծրագիր՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները: Այդ խնդիրն առավել արդիական դարձավ քառօրյա պատերազմից հետո:

Նկատենք, որ գործող օրենսդրությամբ, զոհված զինծառայողների ընտանիքներին կերակրողին կորցնելու դեպքում նշանակվում է զինվորական կենսաթոշակ. զինծառայողի 18 տարին չլրացած երեխաները կամ ուսանող երեխաները՝ ցերեկային ուսուցմամբ սովորող երեխաները մինչև 23 տարին լրանալը, ինչպես նաև զոհվելու դրությամբ աշխատանքային կենսաթոշակի իրավունքով տարիքը լրացած կամ հաշմանդամ ծնողները և ամուսինը ունեն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք:

Զինվորական կենսաթոշակի զոհված զինծառայողների ընտանիքներին տրվում են նաեւ պարգևավճարներ: Զինվորական կենսաթոշակի հետ, յուրաքանչյուր երեխային վճարվում է 16 հազար դրամ, իսկ ընտանիքի այլ անդամը՝ ծնողները, ամուսինը ստանում են 13 հազար դրամի պարգևավճար: Աշխատանքային կենսաթոշակ ստացող ընտանիքի անդամը ստանում է 31 հազար դրամ պարգևավճար և ևս 30 հազար դրամ, որ տրվում է ընտանիքի բոլոր անդամներին: Յուրաքանչյուր երեխայի համար մինչև 18 տարին լրանալը 20 հազար դրամ է տրվում:

Զոհված պարտադիր ժամկետային զինծառայողների պարագայում պարգևավճարները հաշվարկվում են ծնողներին: Յուրաքանչյուր ծնող, ով կստանա կենսաթոշակ կամ հետագայում, երբ կհասնի կենսաթոշակ ստանալու տարիքին, ի լրումն իր աշխատանքային կենսաթոշակի կստանա նաև լրացուցիչ ևս 31 հազար դրամ: Եվ ևս 30 հազար դրամ ընտանիքին:

«Կարծում եմ, բոլորս պատվով դուրս կգանք այս խնդրից, քանի որ սա միայն ԱԺ-ի կամ կառավարության խնդիրը չի: Շատ ուրախ եմ, որ այսօր հանրությունն է իր առաջ խնդիր դրել`հարցի ճիշտ լուծման համար»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930