Ապրիլի 24-ին Աստանայում տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:
Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Վերափոխման Մայր տաճարում վարդապետ հայր Սերգիյը մատուցեց սրբադասված նահատակների բարեխոսության կարգ: Հայր Սերգիյն իր խոսքում նշեց, որ «թուրքերը սպանել են քրիստոնյա հայերին ազգային և կրոնական պատկանելության համար» և «այսօր նույնը ոճիրը կրկնում է «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական կազմակերպությունը Սիրիայում ապրող հայերի, ասորիների, եզդիների նկատմամբ»:
Այնուհետև ելույթ ունեցավ Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը: Նա, մասնավորապես, նշեց. «Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր ծայրերում բնակվող հայերս համախումբ ոգեկոչում ենք մեր զոհերի հիշատակը և հայտնում՝ քանի դեռ միջազգայնորեն չի ճանաչվել ու դատապարտվել Մեծ Եղեռնը, նման ոճրագործությունների կրկնությունը չի կարող բացառվել ապագայում»:
ՀՀ ԱԳՆ