ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Թալեաթ փաշան ասել է. «Մենք ցանկանում էինք թողնել մեկ հայ, այն էլ՝ թանգարանում, եթե այդտեղ ապագայում դուք կաք և կարդում եք այս նամակը, նշանակում է մենք պարտվել ենք»:
Այո, մենք հաղթել ենք, որովհետև այսօր կանք և աշխարհին ցույց տվեցինք, որ հայերի ջանքերի միավորման շնորհիվ կարող ենք ներկայանալ որպես բարության, արդարության, մարդասիրության երկիր:
«Ավրորա» մրցանակաբաշխությամբ մենք աշխարհին ասեցինք, որ որպես Ցեղասպանություն վերապրած ազգ՝ 100 տարի անց Հայաստանը ներկայացավ որպես մարդկային բարձրագույն արժեքները կրող, քարոզող և գնահատող երկիր:
Կարդացեք նաև
Ապրիլի 23-ին Հայաստանում արդեն երկրորդ տարին կազմակերպվող գլոբալ ֆորումը հավաքել էր Ցեղասպանությունը վերապրած վկաներին, տարբեր ազգերի ներկայացուցիչներին, ովքեր խոսեցին մեկ լեզվով՝ ուղղված ընդդեմ ցեղասպանության հանցագործության:Հնչեցին գաղափարներ, թե ինչպես կարող ենք ներկան բարելավել փաստերով, ինչպես կարող ենք աշխարհը բարելավել հիշողությամբ, հաշվետվողականությամբ և պատասխանատվությամբ:
Մենք գիտենք, որ 2005թ.-ից թուրքական տարբեր ասոցիացիաներ և անհատներ սկսել են խոսել Հայոց ցեղասպանության մասին՝ նշելով, որ ամոթ է վուլգար և կոպիտ ժխտողականությունը, հանդես են եկել ներողության բազմաթիվ ուղերձներով:Չափազանց կարևոր էր Թուրքիայի մարդու իրավունքների ակտիվիստ և գիտնական Սայիթ Չեթինօղլուի ելույթը, ով հանդես եկավ մի շարք գնահատականներով և առաջարկներով՝ այն է ցեղասպանության մեղքի ընդունումը, «ներողությունը բոլորիս պարտքն է», «այլևս երբեք..» հուշարձանի կառուցումը և այլն:
Վերջերս պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն իր խիզախ նախաձեռնությամբ եկել էր Թուրքիայի խորհրդարան՝ հիշեցնելու 101 տարի առաջ հայերի դեմ ուղղված հանցագործության մասին՝ հիշատակելով հայերի դեմ կատարած ոճրագործությունը, ներկայացնելով հայազգի 13 քաղաքական և հասարակական գործիչների ձերբակալություններն ու սպանությունները. նա ցույց տվեց, որ հայերն ապրում են: Անգամ խորհրդարանից հնչած ռեպլիկները չկասեցրեցին նրա ելույթը, ավելին՝ նրա ելույթն ավարտվեց ծափահարություններով:
Այոˊ, հայերն ապրել են, ապրում են, կապրեն և կպայքարեն, որպեսզի գալիք սերունդներին միայն գրքերը պատմեն մարդկության դեմ ոճրագործությունների մասին:
Ինչպես նշել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը. «Հայաստանը լինելու է 21-րդ դարի ցեղասպանության դեմ պայքարող երկրներից մեկը»:
Եվ այստեղ մենք բոլորս անելիք ունենք: Այսօր առավել, քան երբևէ անհրաժեշտ է իրականացնել սերունդներին կրթելու և ուսուցանելու ծրագրեր, որոնք հենված կլինեն ճշմարիտ և իրական փաստերի վրա, անհրաժեշտ է, որ պատմության ինստիտուտները հնարավորինս գործի դնեն իրենց պատմական ողջ զինանոցը, հետազոտությունները, որպեսզի կանխեն պատմությունը նենգափոխելու արդեն բոլորիս քաջ հայտնի հերյուրանքները:
Ուրախ եմ, որ ցեղասպանության մասին նյութերը կրթական ծրագրերում ներառելու իմ առաջարկը հավանության արժանացավ և տեղ գտավ գլոբալ ֆորումի վերջնական փաստաթղթում:
Այժմ եկել է ժամանակը ամբողջ աշխարհի հայությանը համախմբվել՝ վերածնվելու նոր հնարավորությունների և հույսերի համար, այլևս երբեք թույլ չտալու մարդկության դեմ հանցագործությունները:
Այլևս երբեք…