Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լեհաստանում

Ապրիլ 26,2016 20:20

Ապրիլի 22-24-ը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի շրջանակներում միջոցառումներ են տեղի ունեցել Լեհաստանի մի շարք քաղաքներում:

Ապրիլի 22-ին Լեհաստանում ՀՀ դեսպանությունը Վարշավայի կենտրոնում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կազմակերպել էր հոգևոր երաժշտության համերգ, որի ընթացքում հնչել են հոգևոր և հայկական ժողովրդական երգեր` լեհական «ԿԱՐԻՈՍ» տղամարդկանց երգչախմբի և հայազգի մենակատար Աշոտ Մարտիրոսյանի կատարմամբ:

Համերգին ներկա էին Վարշավայի և Արևելյան Լեհաստանի կարդինալ Կազիմիրժ Նիչը, Լեհաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, Լեհաստանի հասարակական-քաղաքական գործիչներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ աբեղա Ծատուրյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն իր խոսքում նշել է, որ ցեղասպանության ժխտողականությունը դրա իրագործումից գրեթե ոչնչով չի տարբերվում, և ցեղասպանների սերունդներն այսօր էլ շարունակում են ֆինանսավորել և աջակցել ահաբեկիչներին` նոր մարտահրավերների առջև կանգնեցնելով ողջ քաղաքակիրթ մարդկությանը:

Ապրիլի 23-ին Կրակովի երաժշտական ակադեմիայի դահլիճում ՀՀ դեսպանությունը և Կրակովի հայկական մշակութային ընկերակցությունը կազմակերպել էին Ցեղասպանության տարելիցին նվիրված դասական երաժշտության համերգ, որի ընթացքում հնչել է հայ դասական երաժշտության` Կալիշում բնակվող հայազգի ջութակահար Հեղինե Մկրտչյանի կողմից հիմնադրված «ՀԵԳԻՆԵ» լարային քառյակի, ինչպես նաև հայ և լեհ մենակատարների կատարմամբ:

Ապրիլի 24-ին Լեհաստանի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևորական Տադեուշ Իսակևիչ-Զալեսկու ձեռամբ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված Սուրբ Պատարագներ են մատուցվել Լեհաստանի Գլիվիցե քաղաքում գտնվող Հայ Կաթողիկե Սուրբ Երրորդություն, ինչպես նաև Կրակովի Սուրբ Միկոլայի եկեղեցիներում: Պատարագին ներկա էին դեսպան Ղազարյանը, ԼՀ կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Կրակովի հայկական մշակութային ընկերակցության անդամներ, Կրակովի և շրջական բնակավայրերի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Լեհաստանում ՀՀ դեսպանը իր ելույթում, մասնավորապես ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում հայ ժողովրդի սկզբունքային և հետևողական պայքարն ունի նպատակ` կանխել նման ոճրագործությունները այլ ազգերի և ժողովուրդների հանդեպ: Իր ելույթում Էդգար Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նաև Լեհաստանի և լեհ ժողովրդին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար:

Ապրիլի 24-ին Վարշավայի Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման եկեղեցում Հայ-Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհահայոց Հոգևոր Հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի ձեռամբ մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ավարտից հետո Վարշավայի Ազատագրման հրապարակից մեկնարկել է բողոքի երթ: Ավելի ուշ հայկական պուրակում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել մոմավառություն և ծաղիկների զետեղման արարողություն:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև Լեհաստանի Վրոցլավ և Լյուբլին քաղաքներում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930