Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտոնանկ անելու հերթը դեսպաններին է». քաղաքագետը՝ Սերժ Սարգսյանին

Ապրիլ 26,2016 19:50

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գնահատմամբ, ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը ցուցաբերում է անգործություն: Քաղաքագետն, առիթ ունենալով մասնակցել Վլադիմիր Պուտինի հովանավորության տակ գտնվող Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում (РИСИ) տեղի ունեցած չորրորդ միջազգային գիտաժողովին, որը եզակի հարթակ է եղել Արցախի հարցը բարձրաձայնելու համար, նշում է, որ ՀՀ դեսպանատնից ներկայացել էր միայն դեսպանի խորհրդական Մարիա Բաբայանը, իսկ հայկական պատվիրակությունը բաղկացած էր ընդամենը 3 հոգուց: Ավելին, դեսպանատունը Մոսկվայում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներին անգամ չէր իրազեկել այս իրադարձության մասին:

Մինչդեռ ադրբեջանցիները, ըստ Գագիկ Համբարյանի, ներկայացել էին փոխդեսպան Գուդսի Օսմանովի մակարդակով՝ բավական մեծ ներկայացուցչական կազմով, մոտ 10 հոգով ու սկսել են իրենց լկտի ստերը տարածել քառօրյա պատերազմի մասին:

Ի դեպ, գիտաժողովի թեման եղել է «Ռուսաստանի ռազմավարությունը Կովկասում` գլոբալ մարտահրավերների և վտանգների համատեքստում»:  Ըստ մեր զրուցակցի, Մոսկվայի այս ինստիտուտը կարեւոր է այնքանով, որ աշխատակիցների եզրակացությունները շատ դեպքերում հիմք են ընդունվում Կրեմլում իրենց արտաքին քաղաքականությունը ձեւավորելու համար: «Ադրբեջանը ներկայանում է փոխդեսպանի մակարդակով, իսկ մենք այնքան ցածր ենք գնահատում այդ միջոցառումը, որ  ներկա ենք գտնվում դեսպանի խորհրդականի մակարդակով:

Իհարկե, Ռուսաստանում բնակվող հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ էլ էին հրավիրվել, որոնք ձայնի իրավունք չունեին ու ոչ էլ զեկույցներ ունեին: Երբ ադրբեջանցիները սկսեցին իրենց երկիրը գովքը, ընթացքում էլ աղավաղելով փաստերը՝ սկսեցին ներկայացնել քառօրյա պատերազմը՝ Հայաստանին մեղադրելով բոլոր հանցանքների մեջ, մեր դեսպանի խորհրդականը իր ելույթով դրանց իրենց տեղը գցելու փոխարեն սկսեց կրկնօրինակել մեր արտգործնախարարության հայտարարությունները ապրիլի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների պահով: Հարց եմ տալիս, մեր դեսպանատունն ինչո՞վ է զբաղված Մոսկվայում, մեր դեսպանատան ներկայացուցիչները չգիտե՞ն, որ Մոսկվայում Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը շատ կարեւոր դեր ունի Ռուսաստանի արտաքին քաղաքականության ձեւավորման գործում, բայց ես հենց տեղում զավեշտալի մի բան իմացա մասնակից մի հայ լրագրողից:

Նա ասաց, որ արդեն որերորդ դեպքն է՝ հայկական դեսպանատունը այս ինստիտուտի գիտաժողովներին ներկայանում է զրոյական մակարդակով: Սա շատ մեծ խնդիրներ է ստեղծելու մեզ համար, եթե մենք շարունակելու ենք առաջնորդվել այն հիմար թեզով, որ ով որ պետք է արցախյան կոնֆլիկտի մասին գիտի, իսկ մյուսների իմացությունը պարտադիր չէ, լրիվ տանուլ ենք տալու: Մենք այդ հիմար քաղաքականությամբ հասանք նրան, որ ընդամենը  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գիտեն ամեն ինչ, ո՛չ ԵԽԽՎ-ում, ո՛չ ՄԱԿ-ում, ո՛չ մի այլ միջազգային կառույցում արցախյան կոնֆլիկտի վերաբերյալ ոչ ոք ոչինչ չգիտի: Իսկ եթե գիտեն, գիտեն ադրբեջանական տեսակետը, որովհետեւ մեր դիվանագետները չեն աշխատում ոչ մի ձեւով:

Ես հարց եմ տալիս, որտե՞ղ էին ՌԴ-ում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Գիտաժողովի առաջին օրն ասում էին, որ Արա Աբրահամյանի ղեկավարած «Հայերի համաշխարհային կոնգրես»-ի ներկայացուցիչը պետք է ներկա գտնվի ու լիագումար նիստին ելույթ ունենա: Լիագումար նիստին նա չկար, գործերով գնացել էր Սոչի, երեւի Արցախի ու Հայաստանի հիմնախնդիրներն այնքան մանր-մունր խնդիր էին, որ ինքը համաշխարհային խնդիրներ է լուծում սոչիներում: Կամ ասենք էդ մարդը չկա, անունը չեմ էլ ուզում տալ, ուրիշ մարդու չէր կարելի ուղարկե՞լ»:

Գագիկ Համաբարյանի ասելով, հայկական դեսպանատան անգործությունը հասել է նրան, որ պաշտոնական կայքն անգամ չի թարմացվում. լրատվություն բաժնի հայերեն տարբերակում ոչ մի լուր չկա  4 ամսվա ընթացքում, իսկ ռուսերեն բաժնում 3 լուր է զետեղված: Մեր զրուցակցի բնութագրմամբ, դեսպանատան գործունություն չծավալելը հակապետական գործունեություն է:

«Ես իհարկե, հասկանում եմ, որ դեսպան Օլեգ Եսայանը Սերժ Սարգսյանի ընկերն է, Արցախից է, ժամանակին բարձր պաշտոններ է զբաղեցրել, մասնակցել է Արցախյան պատերազմին, բայց դիվանագիտությունը չի կարելի ծանոթ-բարեկամ, ընկերների մակարդակին իջեցնել: Տեսնում եք. չէ՞, ինչ խայտառակ վիճակ է Վրաստանում, որտեղ մենք դեսպան ունենք ի դեմս Յուրի Վարդանյանի, եւ մենք շատ նեղանում ենք, որ մարդիկ սխալ են հասկանում Յուրի Վարդանյանի այն հայտարարությունը, որ ցեղասպանությունը դա զավեշտ է: Պարզվում է, որ մարդիկ պետք է հասկանան, թե Յուրի Վարդանյանը ինչ է ուզում ասել, երբ որ հակառակը պետք է լինի. Յուրի Վարդանյանը պետք է հասկանա դիմացիններին եւ պրոպագանդի մեր տեսակետը:

Դեսպանները պետք է հասկանան, որ մենք ապրում ենք 21-րդ դարում, եթե հին ժամանակներում պետությունները պատերազմական հարցերը լուծում էին մարտի դաշտում, հիմա 60 տոկոսը լուծվում է դիվանագիտական ու տեղեկատվական ոլորտներում: Մեզ պետք են նախաձեռնող դիվանագետներ, որոնց գործը չպիտի լինի անընդհատ մասնակցել VIP պերսոնաների ճաշկերույթներին, մենք իրավունք չունենք ունենալու թույլ դեսպաններ Վրաստանում, Ռուսաստանում, Իրանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում… Այնտեղ պետք է ունենաք նախաձեռնող, ակտիվ գործունեություն ծավալող, բանիմաց դիվանագետներ: Ես հետաքրքրվեցի, պարզվեց, որ Մոսկվայում ՀՀ դեսպանատունը հայերի համար ընդամենը բիզնես ոլորտ է, ասում են՝ շատ արագ ինչ-որ թղթեր են ծախում՝ ժամկետանց անձնագրերի փոխարինող, որ հայերը իրավունք ունենան վերադառնալ Հայաստան: Պատկերացրեք ինչ համբավ ունի Մոսկվայում գործող մեր դեսպանատունը»:

Գագիկ Համբարյանը նշում է, թե Սերժ Սարգսյանը, որը սկսել է կադրային մաքրումներ ՊՆ-ում, հիմա նույն ակտիվությամբ պետք է անցնի արտգործնախարարությանը: Նախագահը, ըստ նրա, կտրուկ փոփոխություն պետք է կատարի անբանների հավաքատեղի դարձած դեսպանատները մաքրելու ուղղությամբ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930