Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմմոնո» միջազգային ամենամյա թատերական փառատոնը կնվիրվի ՀՀ անկախության 25-ամյակին

Ապրիլ 26,2016 19:25

Ապրիլի 29-ից մայիսի 3-ը կանցկացվի «Արմմոնո» միջազգային թատերական 14-րդ փառատոնը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին, փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ այս տարի փառատոնը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին. «Այս փառատոնն առաջին հերթին հայաստանյան հանդիսատեսի համար է: Բացի լեհական ծրագրից, հատուկ ծրագրով կանդրադառնանք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Մեր հյուրերից ոչ ոք չհրաժարվեց գալ Հայաստան. Դա մեզ համար նույնպես կարևոր է: Մենք մեր բոլոր մասնակիցների հետ կգնանք Հայոց ցեղասպանության հուշահամալիր»:

Փոխնախարար Արթուր Պողոսյանն ուրախությամբ փաստեց, որ փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի ավելանում է. «Փառատոնի կազմակերպիչներն ամեն տարի փորձում են մեկ երկրի հետ ծրագիր ներկայացնել. այս տարի փառատոնը կարևորվում է լեհական ծրագրով: Նախարարությունը մշտապես կարևորել է փառատոնի անցկացումը, քանի որ այն նոր ձևաչափեր և մրցակարգեր  է բերում:  Ես բարձր եմ գնահատում «Արմմոնո-Դեբյուտ» անվանակարգի նշանակությունը, քանի որ այն ինքնադրսևորման և փորձառության ձեռք բերման լավ հնարավորություն է երիտասարդ դերասանների համար»:

Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են՝ Հայաստան, Բելառուս, Իսրայել, Լեհաստան, Լիտվա, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Վրաստան, Ֆրանսիա. կցուցադրվի 26 ներկայացում:

«Արմմոնո-2016» փառատոնը կբացի «Եթե ես լինեի ՊաՊա» մոնոներկայացումը՝ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի կատարմամբ (բեմադրիչ՝ Հ. Պետրոսյան):

Փառատոնի ծրագրում ներառված է Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի «Մարգարիտա և Աբուլֆազ» ստեղծագործության հիման վրա բեմադրված մոնոներկայացումը. այն նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:

Եժի Մարեկ Նովակովսկին ընդգծեց, որ նախատեսվում է երկու մոնոներկայացման ցուցադրություն Լեհաստանից և մեկ հայ-լեհական համատեղ մոնոներկայացման բեմադրություն-առաջնախաղ. «Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու Տադեուշ Ռուժևիչի «Զվարճալի ծերունին» ներկայացումը, որը բեմադրել է Հրաչյա Ղազարյանը, իսկ դերակատարը Արա Ասատրյանն է: Այս ներկայացումը հրավիրված է Վրոցլավ՝ մասնակցելու «Վրոցլավը Եվրոպական մշակութային մայրաքաղաք» նախագծին: Կանցկացվի նաև դասախոսություն՝ նվիրված լեհ հեղինակի կյանքի և ստեղծագործական ժառանգությանը»:

Փառատոնի պատվավոր հյուրերի շարքում են՝ Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), մոնոփառատոնի տնօրեններ՝ Վեցլավ Գերասը (Լեհաստան), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Վյաչեսլավ Տերեշչենկոն (Ռուսաստան), Անդրեյ Նովիկովը (Բելառուս), Ալեքսանդրաս Ռուբինովասը (Լիտվա), ինչպես նաև անվանի փորձագետներ՝ Մայքլ Կայթը (Իսրայել), Նատալյա Ցվարցելիձեն (Վրաստան):

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930