Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Երեւանում ապրիլի 30-ին կկայանա շվեյցարացի կոմպոզիտոր եւ դիրիժոր Ալեքսանդր Բրինկենի «Երգ Հայաստանի մասին» օրատորիայի պրեմիերան: Տիկին Սիրունյանի ձեւակերպմամբ, լայնածավալ այդ ձեռնարկին մասնակցում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, ժողովրդական նվագարաններ՝ դուդուկ, զուռնա, դհոլ, նաեւ ասմունքողներ Սիլվա Յուզբաշյանն ու Սարգիս Նաջարյանը՝ արեւելահայ եւ արեւմտահայ դասական բանաստեղծների ստեղծագործություններով:
«Ալեքսանդր Բրինկենը ցանկացել է ստեղծել օրատորիա՝ նվիրված 1894-1923թթ Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: Դա ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով պետք է կատարվեր, բայց քանի որ մեր դահլիճն այդ ժամանակ չէր աշխատում, մեկ տարի հետաձգվեց ու հիմա այդ գործին ենք լծված»,-ասաց Ռուզաննա Սիրունյանը:
Բնորոշելով շվեյցարացի երաժշտին, Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենը փաստեց. «Նա մի մարդ է, որը փայլուն խոսում է եւ արեւմտահայերեն եւ արեւելահայերեն, հայկական արմատներ չունի, բայց ավելին գիտի հայերի մասին, քան շատ ու շատ հայեր: Հարգելով այդ մարդու նվիրումը եւ յուրատեսակ հայեցի կեցվածքը, մենք էլ ցանկացանք այդ գործն անպայման կատարել»:
Հավելենք, որ համերգը ղեկավարելու է Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ