Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը պահանջում է, որ Սերժ Սարգսյանը ժամ առաջ ԼՂՀ ճանաչման մասին հայտարարություն անի: Aravot.am-ի հետ զրույցում նա զգուշացրեց, որ եթե Հայաստանն այս քայլին հիմա չգնա, հետևանքները լինելու են շատ բացասական. «Միջազգային հանրությունն իրավիճակը դիտարկում է Հայաստանի քայլերով: Եթե քայլեր չկան, դրանք ի վնաս մեր ժողովրդի ու պետության մի իրավիճակ են առաջացնում, որը հնարավորություն է տալիս մեր ժողովրդի մեջքի հետևում որոշումներ ընդունել»: Սակայն այդ գործողությունների կատարման մտադրվածություն պարոն Ղուկասյանը չի տեսնում, ինչը վկայում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Bloomberg գործակալությանը տված հարցազրույցը:
Հետաքրքրվեցինք` այն, որ Սերժ Սարգսյանն այս հարցազրույցում չի թաքցրել, որ ադրբեջանցիները մեր որոշ տարածքներ գրավել են, արդյոք դա չի՞ նշանակում է, որ պատերազմական գործողությունների վերսկսումը, այս անգամ մեր կողմից, նա չի բացառում, պարոն Ղուկասյանը պատասխանեց. «Ռազմադաշտում հիմա վիճակն այնպիսին է, որ հասկանալ հայկական կողմի մարտավարությունը, դժվար է: Պարզ չէ` ով է ընդունում որոշումներ ու ինչ նպատակներ են դրված: Հասկանալի է, որ այս օրերի ընթացքում հաջողվեց պաշտպանել հիմնականում մեր պաշտպանական դիրքերը և կամավորականների հաշվին ամրապնդել մարդկային ռեսուրսը ճակատում, բայց ռազմական դաշտում տեսանելի որևէ իրադարձություն չի կատարվել, որ կարողանանք դատել` որն է ՀՀ ղեկավարության մարտավարությունը` շարունակե՞լ պատերազմը, թե՞ հրադադար»:
Խաղաղապահների տեղակայման հետ կապված հարցին Սերժ Սարգսյանի պատասխանից պարոն Ղուկասյանի համար հասկանալի է դարձել, որ բանակցային գործընթացը տապալված է, և որևէ պարզություն Սերժ Սարգսյանը չի մտցրել ՀՀ դիրքորոշման հարցում: Ըստ քաղաքագետի` Սերժ Սարգսյանի պատասխաններն ուղղված էին ինչ-որ երրորդ անձանց ու ատյաններին, որոնք պիտի քայլեր կատարեն: Մեր այն հարցին` արդյոք հասկանալի՞ է այն, թե Հայաստանը այժմ կո՞ղմ է Կազանի փաստաթղթին, թե` ոչ, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց` հիշեցնելով ԼՂՀ ԱԺ նիստը, որտեղ մադրիդյան սկզբունքներին դեմ արտահայտվեցին` պահանջելով, որ Արցախը բանակցությունների կողմ լինի: Անդրիաս Ղուկասյանի համար մտահոգիչ է նաև այն, որ ՀՀ-ն հստակ չի ձևակերպում և մատնացույց անում, որ Ադրբեջանն է կատարել ագրեսիան:
Ըստ նրա` դա փաստեց նաև Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում. «ՀՀ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ չի դիմել և այլ միջազգային ատյանների ևս, որտեղ կողմերը ագրեսիայի դեպքում պարտավոր են ներկայացնել տեղեկություններ: Մեր պետությունը հայտնվել է շատ վատ վիճակում, քանի որ ղեկավարությունը չի դիտարկում ՀՀ-ն որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, այլ խոսում է միջազգային հարաբերությունների օբյեկտի դիրքերից: Սերժ Սարգսյանի խոսքից հասկացվում է, որ երրորդ անձինք ինչ-որ բաներ պիտի անեն, ինչը վկայում է այն մասին, որ չկա սեփական կամք որոշումներ ընդունելու և միջազգային հարաբերություններում դիրքորոշում ունենալու հարցում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ