«Հին Հռոմում կինը, ով հայրենիքի համար որդի կամ ամուսին էր զոհաբերում, հատուկ զգեստ էր կրում՝ մյուսներից տարբերվելու համար եւ ամեն քայլափոխի արժանանում հասարակության հատուկ վերաբերմունքին ու ակնածանքին, քայլում գլուխը բարձր: Արժանապատվություն ունեցող ազգն այդպես է վերաբերվում կյանքը հայրենիքին նվիրած զինվորի ընտանիքին»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ առաջարկ արեց ԱԺ պատգամավորների ու ԱԺ աշխատակազմի անունից:
Նա հայտարարեց, որ առաջարկում են հնարավորության սահմաններում աջակցություն տրամադրել զոհված զինծառայողների ընտանիքներին. «Ցանկանում ենք կամավորության սկզբունքով նախաձեռնել միջոցների հավաքագրում՝ համախմբելով ԱԺ բոլոր պատգամավորներին, ովքեր պատրաստ են իրենց ամսական աշխատավարձից որոշակի մաս մշտապես տրամադրել վիրավորված եւ զոհված զինծառայողների ընտանիքների աջակցության գործին՝ ապահովելով նրանց համար կայուն եւ շարունակական նյութական աջակցություն»:
Նա համոզմունք հայտնեց, որ դա մյուսների համար էլ վարակիչ կլինի, իսկ թե ինչպես կարող են օգնել՝ կորոշեն միասին, կարեւորը, որ զինվորի ընտանիքը զգա մարդկանց աջակցությունն ու հոգատարությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ