Պատերազմը չարիք է, մենք դա գիտենք ոչ դասագրքերից, այլ՝ մեր փորձով: Գիտեք ու համոզվում ենք ամեն օր, վերջին ապացույցները տվեց քառօրյա պատերազմը, որի ժամանակ ադրբեջանցիների հակամարդկային գործողությունների փաստով արդեն Եվրոպական դատարանն է զբաղվում:
Գուցե արտառոց է հնչելու, բայց քառօրյա պատերազմը նաև դրական ազդեցություն ունեցավ՝ մենք արթնացանք ընդարմացումից ու դարձանք միասնական բռունցք: Համերաշխությունը, հանդուրժողականությունը, չհասկացվածության պատերի քանդումը, որոնց մասին իր պաշտոնավարման առաջին օրերից խոսում է Հայաստանի նախագահը, այս օրերին ավելի տեսանելի եւ շոշափելի դարձան։ Ժողովուրդը դարձավ մեկ ազգ՝ մեկ զինվոր, երբ չկար իշխանություն ու ընդդիմության, ես ու դու, իմ ու քո:
Ու միանգամից ջուրն ընկան տասնյակ միֆեր, որ անգործությունից հնարել էինք:
Միֆ առաջին. Լևոն Տեր-Պետրոսյան ու Սերժ Սարգսյանը անհաշտ թշնամիներ են: Վտանգի պահին քաղաքական տարաձայնությունների նշանակությունը զրոյանում է և աշխատում է պետության ու ժողովրդի համար ընդհանրական պատասխանատվության օրենքը: Հանդիպեցին, խոսեցին ու ժողովուրդը տեսավ, որ իշխանությունն ու ընդդիմությունը միասին են արտաքին մարտահրավերին դիմակայելիս:
Կարդացեք նաև
Միֆ երկրորդ՝ ժողովուրդը հոգնել է, երկրապահը հոգնել է, Ղարաբաղի համար նախկին էնտուզիազմը չի աշխատի: Էն էլ ոնց աշխատեց՝ ամբողջ աշխարհով, ամբողջ սփյուռքով: Արդյունքները բոլորս տեսանք, հատկապես թշնամին:
Կար նա երրորդ միֆը՝ կան քաղաքական ուժեր, անհատներ, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են պատասխանատվություն ստանձնել, իրավիճակ փոխել, նոր ուժ են, նոր խոսք ունեն: Պարզվեց՝ կամ չկան, կամ՝ ասելիք ու անելիք չգտան:
Ով՝ ոնց, ես ուրախ եմ, որ դաշտը հստակվում է, պարզվում է՝ ով ով է, ով ինչի է ընդունակ ու ինչ է ուզում: Ուրախ եմ, որ արհեստական կամ իներցիայով ձևավորված միֆերը փլուզվում են, նշանակում է՝ տեղը մաքրվում է:
Ազգի ու պետության համար իբր բաբախող սիրտը, ժամանակ առ ժամանակ միայն վատն ու սխալը արձանագրող խոսքը կորցնում է ունեցած նշանակությունը, որովհետև երբ լռում ես արտակարգ իրավիճակում, իրավունք չունես քեզ պարտադրել մնացած օրերին:
Միֆ չորրորդ՝ Հայաստանը տանուլ է տալիս Ադրբեջանին տեղեկատվական պատերազմը: Մենք տեղը դրեցինք ոչ միայն գերժամանակակից զենքով մեր դեմ դուրս եկած շահիդին՝ ինչպես ադրբեջանցիներն են իրենց զինվորներին կոչում, այլև լրատվական ու սոցիալական ցանցերում իրենց ապատեղեկատվությամբ պատերազմի դուրս եկած թշնամուն: Կարողացանք: Ու ես շնորհակալ եմ լրագրողներին, բլոգերներին, կատարվողի մասին տեղեկատվությունը տարբեր լեզուներով անմիջապես աշխարհին փոխանցող անհայտ ու հայտնի թարգմանիչներին, որ ապահովեցին մեր հաղթանակը հիբրիդային պատերազմում: Միասնականության եւ համերաշխության այս հաղթարշավի օրերին իրենց հոյակապ պահեցին լրագրողները՝ շրջահայաց ու պատվախնդիր: Բռավո բոլոր պրոֆեսիոնալ լրատվամիջոցներին ու լրագրողներին:
Բայց ցորենն առանց որոմի չի լինում երևի՝ եղան նաեւ իրենց պատվիրատուների օգտին աչքները ու ականջները փակ աշխատողներ, որոնց համար կա մեկ ճշմարտություն՝ պատվերը ու պատվիրատուն, մնացածը ոչ մի նշանակություն չունի: Համոզված եմ՝ նաև նրանք դիմակները հանեցին ու շատ մեծ խնդիր ունեն փրկել դեմքը: Մեզ սպասում են դժվար օրեր ու գուցե անսպասելի իրադարձություններ, կարևորը միասնականությունը անկարևոր խնդիրների վրա չմանրելն է: Ես վստահ եմ այդպես էլ լինելու է՝ այդպես են հաղթում: