Հետախուզության ղեկավարին փոխելը ճիշտ էր, քանի որ հետախուզությունը չի արդարացրել իր վրա դրված պարտականությունը: Այսպես ասաց Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարտանովը` պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե փաստորեն նախագահի այսօրվա որոշումը` Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու մասին, վկայում է այն մասին, որ ապրիլի 1-2-ի գիշերը իսկապես, ինչպես որ պնդում են հասարակական-քաղաքական մի շարք գործիչներ, հետախուզությունը ձախողել է իր աշխատանքը:
Հիշեցնենք, որ այսօր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ի թիվս պաշտպանության նախարարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, պաշտոնից ազատեց նաեւ Արշակ Կարապետյանին:
Վովա Վարտանովի խոսքերով, խնդիրը ոչ թե հետախույզների անտեղյակ լինելն էր, այլ` հետախուզության. «Որովհետեւ, եթե բոլոր հետախույզները, ենթադրենք 1000 հոգի, տեղյակ են եւ չեն կարողանում քաղաքական-ռազմական ղեկավարությանը վերլուծած վիճակով իրականությունը ներկայացնել, դա խոսում է այն մասին, որ հետախուզությունը տեղյակ չէ, որովհետեւ եթե ռազմական ղեկավարությունը տեղյակ չէ, ուրեմն հետախուզությունն էլ տեղյակ չէ»:
Վովա Վարտանովի մեկնաբանմամբ, հետախուզությունն ականջներն ու աչքերն են. «Եթե մարդ փողոցով քայլում է փակ աչքերով ու ականջներով, անընդհատ տարբեր առարկաների ու սյուների գլուխը կհարվածի չէ՞: Այսօր մենք այդ հարվածը կերել ենք: Այսինքն`կամ մեր աչքերը փակ են եղել կամ էլ` ինֆորմացիան ժամանակին տեղ չեն հասցրել` ասենք հարբածության կամ չգիտեմ ինչ պատճառով: Կարճ ասած, հետախուզության ղեկավարին փոխելը ճիշտ էր, որովհետեւ հետախուզությունը չի արդարացրել իր վրա դրված պարտականությունը»:
Ըստ նրա. «Անգամ, եթե հետախուզությունն իմացել է եւ չի կարողացել համոզել, նրա զեկույցը համոզիչ չի եղել, ապա դա հավասար է չիմանալուն: Քիչ է մի բան տեսնել, մի բան լսել, այդ ամենը պիտի կարողանաս համապատասխան մարդկանցով վերլուծես, ծամես եւ դարձնես մարսելի, անգամ յուղակալված ուղեղով գեներալների համար ու բարձր պաշտոնյաներին ներկայացնես, որ նրանց մոտ կասկածներ չառաջանան»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ