Գիտեմ, որ այս հոդվածը համատարած հայրենասիրության, ոգեւորության, հանուն հայրենիքի ինքնազոհաբերության ու զոհաբերության պատրաստակամության ֆոնին այնքան էլ միանշանակ չի ընկալվի։ Այսօր պահանջվում է լինել պատերազմի կողմնակից, հայտարարել, որ թուրքը մեր դարավոր ու հավերժական թշնամին է ու բացառել նրանց հետ համատեղ ապրելու հնարավորությունը։ Այսօր «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսը ավելի քան բարձր պահելու ժամանակն է։
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ահա այսպիսի գրառում է արել․
«Քառօրյա պատերազմից հետո ինձ համար վերջնականապես պարզ դարձավ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հաշտվելու հարցում ես սխալվում էի: Ինչո՞ւ այդ հույսերը չարդարացան: Որովհետեւ
1) մենք չենք կարողացել ուժեղ պետություն ստեղծել,
Կարդացեք նաև
2) Թուրքիան եւ Ադրբեջանը չեն ցանկանում մեզ հետ ապրել կողք կողքի՝ նրանք գրեթե բացահայտ ասում են՝ կա՛մ գնացեք այս տարածաշրջանից, կա՛մ մենք ձեզ կմորթենք,
3) Ռուսաստանը նույնպես շահագրգռված չէ, որ այս տարածաշրջանում խաղաղություն լինի»:
Քառօրյա պատերազմը նոր իրականություն ստեղծեց։ Թվում է՝ բան չի փոխվել, նույն Երեւանն է, նույն Հայաստանը, նույն բռնություններն են ցուցարարների նկատմամբ, պաշտոնյաների նույն ցինիզմը, նույն Բաղրամյան փողոց բարձրանալու տաբուն, նույն օլիգարխիան է, հեռուստացույցով նույն ռաբիսությունն ու նույն պաթետիկ հայրենասիրությունն է։ Ամեն ինչ նույնն է, բայց սրա հետ մեկտեղ մի նոր, դեռ մինչեւ վերջ չմարսված, դեռ խորապես չընկալված իրականություն կա։ Հենց այս նոր իրականությունն է ստիպել, որ Արամը վերջնականապես հասկանա տարիների իր սխալն ու համալրի պատերազմի կուսակցության խիտ շարքերը։
Բուն քառօրյա պատերազմի մասին ասելու շատ բան չկա։ Սովորական պատերազմ էր։ Ինը տասնյակից ավելի զոհ ունեցանք մենք, մի այդքան էլ, գուցե եւ ավել, ունեցան ադրբեջանցիները։ Զոհերի թիվն օր օրի շարունակում է անշեղորեն աճել։ Գերակշիռ մասը քսան տարին չբոլորած պատանիներ են։
Նստեցի համակարգչի դիմաց ու, սեփական մեղքի ծանր զգացումով, որ շարունակում եմ ապրել՝ անուն առ անուն կարդացի մեր մամուլում հրապարակված հայաստանցի զոհերի ողջ ցուցակը, ապա՝ ադրբեջանական կայքերում հրապարակված ադրբեջանցիների ցուցակը ու չէի կարողանում, մինչեւ այսօր չեմ կարողանում, այդ երկու ցուցակների պատանիների չլինելիության արդարացումը գտնել։
Պատճառները գիտեմ։ Գիտեմ, թե ինչո՞ւ այսպես եղավ եւ, թե դեռ ինչո՞ւ է այսպես լինելու, բայց արդարացումը չեմ գտնում։ Նաեւ գիտեմ, որ եղած թշնամությանն այս չորս օրերը նոր լիցք հաղորդեցին։ Հերոսակերտության այս առօրյայում անիմաստ է խոսել այն մասին, թե ինչ հետաքրքիր էր լինելու աշխարհը, եթե այս պատանիները շարունակեին ապրել եւ, թե ինչքան աղքատ է աշխարհն առանց նրանց։
Իսկ նրանցից յուրաքանչյուրի մոր համար աշխարհն արդեն ավարտվել է։
Հնարավորինս շուտ խաղաղ ապրելու հնարավորությունները գնալով էլ ավելի են խամրում։ Սահմանագծի երկու կողմերում էլ ապրողների մեծամասնությունը պնդում է՝ հաշտեցում եւ խաղաղ համակեցություն հնարավոր չէ։ Երկու կողմերն էլ նույնօրինակ փաստարկներ են օգտագործում։ Ուրեմն ի՞նչ, շարունակվող պատերա՞զմ ու նոր զոհվող պատանինե՞ր։ Հաշտության բացառումը միայն այսպիսի ընթացք է խոստանում։
Ես միշտ եղել ու, քառօրյա պատերազմի բերած նոր իրականությունից անկախ, մնում եմ այն համոզման, որ մեր հարեւանների հետ խաղաղ համակեցությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ այլընտրանք չունի։
Նաեւ վստահ եմ, որ մեզ սպառնացող պատերազմի վտանգը հնարավոր է ոչ միայն նվազագույնի հասցնել, այլ նաեւ, ժամանակի ընթացքում, չեզոքացնել։ Դա հնարավոր է, եթե մենք՝ հայաստանցիներս, կկարողանանք ստեղծել 21-րդ դարին համահունչ, պաշտպանունակ եւ ուժեղ պետություն։ Իսկ սա միայն մեզանից է կախված եւ, եթե այսօր դա չունենք, ապա ոչ թե ադրբեջանցիների, այլ միայն ու միայն մեր մեղքն է։
Պետք է ստեղծել մի այնպիսի պետություն, որը կշիռ կունենա միջպետական փոխհարաբերություններում ու չի դիտարկվի որպես մեկ այլ երկրի ֆորպոստ, որտեղ իշխանավորը գող չի լինի եւ կընտրվի արդար ընտրությունների արդյունքում եւ հպարտորեն երկիրդ ներկայացնելու պատիվը կունենա, այլ ոչ թե կունենա այն աստիճան կասկածելի լեգիտիմությունը, որ նրան չեն հարգի ոչ երկրի ներսում եւ ոչ էլ դրսում, որտեղ երկրիդ ընդդիմությունը ոչ թե որպես ոչնչացման ենթակա թշնամի կդիտարկվի, այլ կհարգվի որպես ընդդիմախոս, որտեղ կլինի ժողովրդավարություն եւ երկրի պառլամենտում կլինեն երկրի հոգսերով մտահոգ արժանավոր ընտրյալներ, այլ ոչ երկրի նախագահի ընկերները, բարեկամներն ու քրեական վարք ու բարք ունեցող պատահականություններ, որտեղ կծաղկի ազատ բիզնեսը ու երկրի գանձարանը կլցվի հավաքագրված հարկերով, ինչը հնարավորություն կտա եւ պաշտպանական միջոցների մասին մտածել, եւ արժանապատիվ թոշակներ տալ, եւ սեփական երկրով հպարտացող ու սեփական երկրում ապրող քաղաքացի ունենալ, որտեղ հասարակական գործիչը սոված չմնալու համար, թերթի խմբագիրը, թերթը պահելու համար, քաղաքական գործիչը ջրի երեսին մնալու համար չեն փնտրի իշխանության հովանին եւ աչքերը չեն հառի օլիգարխի քսակին։ Կառուցիր օրենքի երկիր ու կունենաս առաջադեմ ու հզոր աշխարհի աջակցությունը, ինչը քեզ կդարձնի պաշտպանված։ Յուրաքանչյուրը պաշտպանում է իր տեսակին։ Դարձիր առաջադեմ աշխարհի տեսակ եւ կստանաս նրա աջակցությունը, իսկ նրա աջակցությունը կնվազեցնի պատերազմի վտանգը եւ կօգնի լուծել հարեւանիդ հետ եղած խնդիրները։
Չպետք է ու չի կարող այս հակամարտությունը անվերջ շարունակվել։ Ափսոս ենք մենք, ափսոս են մեր երեխաները, ափսոս են նրանք, որ գալու են մեզանից հետո։ Հարեւաններին որպես հավերժական թշնամիներ դիտարկելով մենք, լավագույն դեպքում, դոփելու ենք նույն տեղում ու մեր սերունդներին միմիայն պատերազմն ենք ժառանգելու։ Ինչո՞ւ։ Ո՞ր իրավունքով։
Եվ՝ կարծես որպես ապացույց իմ այս խոսքերի եւ որպես Արամ Աբրահամյանի մտքերի շարունակություն ֆեյսբուքյան օգտատեր Ադամ Ադամյանը գրում է. «Ծնվեց յոթերորդ թոռնիկս,վաղվա զինվորը հայոց բանակի։ Յոթը որդով սեղան չնստա բայց, յոթը թոռով սեղան կնստեմ։ (Իմ պատասխանը թուրքին)»:
Թող շնորհավոր լինի Ադամի թոռնիկի ծնունդը, բայց հիմա ի՞նչ, եւ Ադամի նորածին թոռնիկը, ում պապն արդեն զինվոր է կարգում, եւ նրանից հետո ծնված թոռնիկները, երբ մեծանան պետք է ճիշտ մեր այսօրվա զինվորների պես խրամատում պառկած նշանառության տա՞կ վերցնեն իրենց տարեկից ադրբեջանցի զինվորին կամ լինեն նրանց թիրախու՞մ։ Սա՞ ենք թողնում մեր սերունդներին։
Բոլոր նրանք, ովքեր համոզված են, որ հաշտությունը հնարավոր չէ, որ մեր հարեւանների հետ մենք խաղաղ գոյակցել չենք կարող, որովհետեւ նրանք մեզ չեն սիրում ու ցանկանում են մեզ բնաջնջել, պարտավոր են իրենց կյանքի ընթացքում լուծել տարածաշրջանում մեր լինելիության խնդիրը։ Այն չլուծելը եւ սերունդներին փոխանցելը անպատասխանատվություն ու վախկոտություն է լինելու։ Մեր ժառանգները պարտավոր չեն մեր չլուծած խնդիրները լուծել։
Կամ հաշտություն բացառողները պետք է հնարավորինս շուտ, իրենց՝ կամ մենք, կամ նրանք տարբերակով այս թշնամության վերջակետը դնեն կամ պետք է ընդունեն, որ իրենց ընտրած ուղին փակուղի է մտել։ Վերջին 20 եւ ավելի տարիներն ու մեր այսօրը դա են վկայում։
Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
+++++