Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Դավիթ Լոքյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին

Ապրիլ 26,2016 17:42

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին: Ողջունելով հյուրին` նախարարն ուրախությամբ է փաստել, որ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչը մեր հայրենակիցն է: Դավիթ Լոքյանը մեծապես կարևորել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցությունը և հույս հայտնել, որ դեսպան Ավակովը իր պաշտոնավարման ընթացքում զգալիորեն կնպաստի այդ համագործակցության ընդլայնմանը:

Շնորհակալություն հայտնելով նախարար Դավիթ Լոքյանին հանդիպման հնարավորության համար, Արգո Ավակովը նշել է, որ անչափ ուրախ է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում սկսելու կապակցությամբ և վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի ՏԿԶ նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև երկարամյա համագործակցության շարունակականության ապահովմանը և հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը:

Դավիթ Լոքյանը ներկայացրել է խոշորացվող համայնքների փնջերի ձևավորման ընթացքը և այդ համատեքստում ընդգծել խոշորացված համայնքներում տնտեսական զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացումը: Արգո Ավակովը առաջարկել է ստեղծել համատեղ շրջանակային ծրագիր, որը հնարավորություն կտա բացառել ծրագրային կրկնությունները և իրականացնել նպատակային ուղղվածությամբ ծրագրեր այն տարածքներում, որտեղ կան առավել լուրջ խնդիրներ:

Նախարար Դավիթ Լոքյանը շատ օգտակար և կարևոր է համարել այդ առաջարկը` մեր երկրում իրականացվող բազմաթիվ ծրագրերը համակարգված իրականացնելու և դրական արդյունք ստանալու տեսանկյունից:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են տարածքներում ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող տարբեր ոլորտներում կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումները և ցուցաբերված աջակցությունը, մասնավորապես` շրջակա միջավայրի հարցերով իրազեկման, իրավագիտակցության բարձրացման և իրավակիրառմանն աջակցելու նպատակով մարզերում հաջորդաբար բացված Օրհուս կենտրոնները, որոնց թիվն այժմ հասնում է 15-ի:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից մշակված «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի բարեփոխումների հայեցակարգին, որը նպատակ ունի տեղական մակարդակում անմիջական ժողովրդավարության համար ամբողջական ու միասնական իրավական կարգավորում ձևավորել:

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930