Aravot.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանում գործող «Նոր Դար» պարային համույթը նախորդ տարվա հոկտեմբերին մասնակցել էր Հայաստանի 5-րդ պարային օլիմպիադային, ապա Սոչիի «Սպորտի, արվեստի և պարի խաղեր» խորագրով միջազգային մրցույթին, որտեղ համույթի մենապարող, XII-րդ Համաշխարհային պարային օլիմպիադայի աշխարհի չեմպիոն, 12-ամյա Գարիկ Պետրոսյանը եւ մեկ այլ մենապարող` Լաուրա Մարգարյանը, երկու անվանակարգում հաղթող էին ճանաչվել: Օրերս էլ համույթը հերթական նվաճումն է գրանցել:
«Նոր Դար»-ի ղեկավար, պարուսույց Մհեր Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նշյալ պարային օլիմպիադայում բարձր արդյունք ցույց տալու համար համույթին հնարավորություն է տրվել մասնակցելու Վրաստանի VI պարային օլիմպիադային:
«Հայաստանից մասնակցում էին ևս 4 խմբեր` տարբեր պարային ուղղություններում: Ժողովրդական պարերը ներկայացնում էր «Նոր Դար» համույթը: Օլիմպիադային մասնակցում էին շուրջ 15 երկրներ, այդ թվում` Ադրբեջանը: Մրցավարական կազմում էին` Հայաստանի, Վրաստանի, Սլովենիայի, Բելառուսի, Թուրքիայի, Ադրբեջանի ներկայացուցիչները, իսկ կազմը գլխավորում էր Արևելյան Եվրոպայի IDO-ի նախագահ Անդրեյ Կակաոլինը, որը Ռուսաստանի ներկայացուցիչն է: «Նոր Դար»-ը ներկայացավ 10-պարով: Գարիկ Պետրոսյանը հանդես էր գալիս «զուգապար» անվանակարգում: Պայքարը բավականին լարված էր: Մեր պարողները գիտեին, որ Ադրբեջանն էլ է մասնակցում եւ ավելի վճռական էին տրամադրված: Մրցանակաբաշխության ժամանակ բոլորով սրտի թրթիռով սպասում էինք արդյունքներին: Եվ ահա, «Ժողովրդական պարերի» անվանակարգում մեր տարբեր տարիքային խմբերը գերազանցեցին ադրբեջանցիների խմբերին, եւ մեր ներկայացրած 10-ը պարերն էլ հաղթող ճանաչվեցին` գրավեցին առաջին հորիզոնականը: Մեկ առ մեկ կանգնելով պատվո առաջին հարթակին` մեր երեխաները Վրաստանում ծածանեցին հայոց եռագույնը: Այնքան հպարտ էին ու հուզված»,-պատմեց Մհեր Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ տեղեկացրեց, որ փոքրիկ պարողներն իրենց 10 հաղթանակները նվիրել են Արցախի սահմանին զոհված և սահմանը պաշտպանող մեր քաջարի զինվորներին:
Հատկանշական է, որ ադրբեջանցի պարողները փորձել են խոչընդոտել հայկական համույթի ելույթները: «Մեր երեխաների պարի ժամանակ գոռում-աղմուկ էին անում, որ խանգարեն, բայց մերոնք խուճապի չմատնվեցին, հակառակը` ավելի հավաքվեցին ու ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայը պարող ազգ է»,-նկատեց Մհեր Պետրոսյանը:
Նա ասաց, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ դիմել էր մշակութային յուրացման` պարելով Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:
https://www.youtube.com/watch?v=XUQnZ_boQdE
դեպ, Մհեր Պետրոսյանի փոխանցմամբ, հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Մեսրոպյանի բողոքարկմամբ` ադրբեջանցի պարողները որակազրկվել են:
Հավելենք, որ առաջիկայում «Նոր Դար»-ը Մոսկվայում կմասնակցի Համաշխարհային XIII պարային օլիմպիադային: Հիշեցնենք` օլիմպիադայի գործող չեմպիոնը Գարիկ Պետրոսյանն է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է մեր զրուցակիցը: