ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկումները շարունակվում են:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին հարցրեց՝ «Սկզբից ասվում էր, որ հանձնաժողովի անդամների միայն 2/3-ի քվեարկությամբ կարող են վստահված անձանց տեղամասից հեռացնել, հիմա շեմը իջեցվել է՝ հանձնաժողովի ներկա անդամների 2/3-ի քվեարկությամբ: Ինչի՞ եք ուզում վստահված անձանց տեղամասից հանել: Տպավորություն է, թե մենք անընդհատ միջոցներ ենք մտածում, որ վստահված անձանց հանենք տեղամասից»:
Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այդ դրույթը մասսայական կիրառվելու է, բայց հանձնաժողովի բնականոն աշխատանքը կազմակերպելու համար հանձնաժողովին պետք է համապատասխան լծակներ տրամադրենք: Որեւէ մեկին տեղամասից դուրս հանելը չի կարող լինել բացառապես մեկ քաղաքական ուժի քվեարկությամբ, պետք է կոնսենսուս»:
Նա ասաց, որ եթե որեւէ մեկը մտադրվել է սեւ գործ անել եւ խափանել աշխատանքները, չպետք է դա թույլ տան:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը նաեւ դժգոհեց. «Ընտրական օրենսգրքում նշվում է, որ նախընտրական քարոզչական գովազդի գինը պետք է լինի առեւտրային գովազդի գնին համարժեք: Իսկ ինչի՞ պետք է նախընտրական քարոզչական գովազդը եւ ենթադրենք օղու գովազդը նույն գինն ունենան: Սա անհավասար պայմաններ ստեղծելու կարեւոր պայման է: Գոնե լինի 40 տոկոսը, 10 տոկոսը, 20 տոկոսը, որպեսզի մենք հնարավորությունները հավասարապես բաշխենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ