Ապրիլի 26-ին Ընտրական օրենսգրքի շուրջ «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ եթե իշխանությունը համաձայնի մասնակցել ընտրացուցակների «մաքրման» եւ ընտրատեղամասերից ուղիղ եթեր ապահովելու առաջարկներին, ՀԱԿ-ը կվերադառնա բանակցային սեղանի շուրջը:
Քննարկմանը քիչ ուշ միացավ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, որն արձագանքեց նշյալ երկու կետերին:
«Տեսանկարահանող սարքերի որակից շատ բան է կախված. կարելի է պատկերը տեսնել եւ ոչինչ չհասկանալ, որովհետեւ անորակ է: Լավ տեսնելու համար անհրաժեշտ են HD տեսախցիկներ, որոնք ապահովում են շատ ավելի մեծ տրաֆիկ: Մենք համարում ենք, որ այդ տրաֆիկը հնարավոր չի լինելու պատշաճ կազմակերպել երկրի ողջ տարածքում: Ուստի առաջարկել ենք` եթե գտնվի միջազգային ֆինանսավորող կազմակերպություն, որը տեսանկարահանմամբ կապահովի բոլոր տեղամասերը, ապա կընտրվի մասնագիտացված կազմակերպություն, որը կզբաղվի այդ գործով, ոչ թե ասենք` «տեղամասային ընտրական հանձնաժողով, մի հատ տես` այս տեսախցիկները ոնց եւ որտեղ ես շարելու…»: Այդ դեպքում իմ մոտ էլ կասկած կառաջանա` կկարողանա՞ն այդ տեսախցիկները շարել, թե ոչ»,-ասաց Հարությունյանը` հավելելով, որ ուղիղ եթերի խափանումները բացառված չեն:
Ինչ վերաբերում է ուռճացված ընտրացուցակները «մաքրելուն», Դավիթ Հարությունյանի խոսքով՝ իշխանությունն առաջարկում է ԸՕ այնպիսի նախագիծ, որը չի պահանջում ընտրացուցակների «մաքրում». «Լավագույն լուծումը կլինի այն, որ մենք կարողանանք հայթայթել գումարներ եւ բոլոր ընտրողներին ապահովել անվճար ID քարտերով: Այդ դեպքում բազում հարցեր կլուծվեն»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ